1․ Ոճրագործի և զոհի միջև իրական հաշտությունը հնարավոր է միայն ճշմարտության բացահայտման և խոստովանության միջոցով, այլ ոչ թե լռության կամ կեղծավորության։

2․ Լռեցումը անօրինականություն է, քանի որ ճշմարտությունը ազատագրող ուժ է, իսկ այն արգելելը՝ բռնություն։

3․ Ճշմարտության կոծկումը հիմարություն է, քանի որ Աստծո առաջ չկա ծածուկ բան։

4․ Կոծկման և լռեցման հիմնական բանաձևը արժեքների խեղաթյուրումն է. երբ ոճրագործության մասին խոսելը անվանում են «թշնամանք», իսկ լռությունը՝ «իմաստություն»։

5․ «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառնը»․ ասում է Աստված մարգարեի բերանով (Ես․ 5:20)։ Սա հենց այն հոգևոր վիճակն է, որտեղ հայտնվում է ժխտող կամ լռեցնող հասարակությունը։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ այսպիսի մարդիկ կորցնում են իրենց բարոյական կողմնացույցը և խճճվում են սեփական ստի մեջ։

6․ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ ցանկացած ծածուկ բան, որը փորձում են թաքցնել, անպայման բացահայտվելու է․ «Չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի» (Մատթ․ 10։26)։

7․ Երբ Կայենը սպանեց Աբելին, փորձեց խուսափել Արարչից, իսկ Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ» (Ծննդ․ 4:10)։ Այդպես էլ մեր նահատակների արյան կանչն է ելնում մինչև Երկինք և դա ապրող սերունդները երբեք չպետք է մոռանան կամ ուրանան

8․ Ցեղասպանության ժխտումը Կայենի վարքագիծն է։ Ժխտողը փորձում է իրեն հեռու պահել պատասխանատվությունից, բայց Աստված տեսնում է թափված արյունը, որն աղաղակում է։ Անմեղների արյունը երբեք չի լռում, և ուրացողի համար այն դառնում է հոգևոր բեռ։

9․ Երբ մարդ, պետություն կամ կազմակերպություն հրաժարվում են ցեղասպանությունն իր անունով կոչել, նրանք դառնում են դրան հանցակից։ Պիղատոսի նման ձեռքերը լվանալը ոչ թե ազատում է պատասխանատվությունից, այլ վկայում է վախկոտության, շահախնդրության, կեղծավորության մասին, ինչպես նաև բարոյականության և արդարամտության բացակայության մասին։

10․ Ցեղասպանության ոճիրի միջով անցած ժողովուրդն ունի բազում դասեր քաղելու, որն առանց Աստծո հետ ճշմարիտ հարաբերության ու Աստվածային Լույսի ներքո՝ անհնարին է անել։

Այսպիսով, ցեղասպանության իրողության ժխտումը, ոչ միայն պատմական հանցագործության կոծկում է, այլ նաև չարիքի վերարտադրություն, հանցակցություն, բարոյական և հոգևոր անկում։ Միայն ճշմարտության բարձրաձայնման, զղջման, հատուցման միջոցով է հնարավոր զոհի և ոճրագործի վերջնական հաշտեցումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ