«ՈՒ մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ…»

Հավանաբար շատերին է հետաքրքրել այն հարցը, թե ինչու՞ ենք 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը նշում հատկապես ապրիլի 24-ին: Ե՞րբ առաջին անգամ այդ օրը սահմանվեց որպես համազգային սգո օր, ո՞վ էր գաղափարի հեղինակը և ո՞ր ժամանակներից է այն սկսել նշվել:

Այս հարցերի պատասխանը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում։ Դա մի նամակ է՝ գրված նշանավոր գրող և հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանի կողմից և ուղղված Հայաստանի առաջին հանրապետության կառավարությանը:

Ստորև ներկայացնում ենք պատմական այդ փաստաթուղթն ամբողջությամբ։

(Նյութը պատրաստեց Հ. Չարխչյանը)

Վրթանես Փափազյանի նամակ-առաջարկը

«Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլի 11-ի, 12-ի և 13-ի* այն օրերը, երբ Կ. Պոլսում և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մտադրությամբ, թուրք կառավարությունը խմբովին ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների: Նրանց տանջեցին բանտից բանտ, աքսորների ճանապարհներին, հետո գազանաբար մորթեցին ու անհայտության մատնեցին նույնիսկ նրանց գերեզմանները:

Ովքե՞ր ասես, որ չկային այդ նահատակների մեջ. հայ բանաստեղծ ու լրագրող, բժիշկ ու փաստաբան, հայ ուսուցիչ, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա… ոչինչ չխնայեցին: Հայ միտքն ուզեցին մի հարվածով մեռցնել, ուզեցին ջնջել հայ գիրքը, հայ երգն ու հայ աղոթքը…

Կորստի ահավորության մասին գաղափար կազմելու համար բավական է հիշատակել, որ սպանվեց մոտ 760 մտավորական: Յոթ հարյուր վաթսուն կյանքեր, որոնք ոգևորությամբ մշակում էին հայ միտքը, և որոնց ջնջելով՝ թշնամին իրավամբ մտածում էր, թե հայ ազգը պիտի կորցնի իր ամենալավ մասը՝ իր սիրտը, իր մշակույթը:

Այդ նահատակներն ընկան մեր ազատության արյունալի ուղիների վրա՝ պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որը պիտի մեծանա և իր լավ օրերի մեջ հիացումով հիշի իր 760 լավագույն մտավոր ուժերին:

Մեր պատմության մեջ չեն եղել նման նահատակներ՝ այդպես խմբովին սրի զոհ գնացած: Լենկթեմուրյան շրջանում անգամ նման բան տեղի չի ունեցել: Մենք այդ սոսկումի օրերն ապրեցինք և նրա կսկիծը դեռ մեր սրտերում ունենք:

Այդ ամենը, գիտեմ, Հայաստանի խորհրդարանի անդամների հոգու մեջ ևս հարուցում է կսկծալի հուշեր: Դուք ևս զգում եք վշտի խորությունը, երբ աչքի առաջ եք բերում, թե ովքեր կորան այդ անիծյալ օրերին՝ Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, Զարդարյանը, մեր լավագույն հեղափոխականները՝ Վարդգեսը, Խաժակը, Շահրիկյանը և ուրիշները:

Հույս ունեմ, որ չեք մոռանա հիշեցնելու ամբողջ Հայաստանի ժողովրդին և աշխարհասփյուռ հայությանը, թե ինչպիսի սգո օրեր են ապրիլի 11-ը, 12-ը, 13-ը, և որ անհրաժեշտ է այդ օրերից մեկը սգո օր հռչակել ամբողջ հայ ազգի համար՝ այնպես, ինչպես դարեր շարունակ եղել է Վարդանանց օրը:

Թույլ տվեք ինձ, հայ ազգի ներկայացուցիչներ, անել հետևյալ առաջարկները.

Ապրիլի 12-ի կամ 13-ի օրը հռչակել համազգային սգի օր: Դադարեցնել բոլոր հաստատությունների գործունեությունը, փակել խանութները և կրթական օջախներում կազմակերպել սգահանդեսներ, որպեսզի մատաղ սերունդն իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է վայելում իր ազատությունը:

Օրինագիծ մտցնել Խորհրդարան՝ ամեն տարի որոշակի օր նշելու մեր նահատակների հիշատակը: Առաջարկել Վեհափառ Կաթողիկոսին, որ հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ Տոնացույցի մեջ ապրիլի 12-ը նշանակվի որպես մշտական սգո օր՝ «Հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին՝ թուրքական վայրագ սրից»:

Մեծահույս եմ, որ Հայաստանի Խորհրդարանը, իր զգացմունքներին համապատասխան գտնելով այս առաջարկները, կանի պատշաճ տնօրինություն:

Ամենայն հարգանոք՝

հայ գրող Վրթանես Փափազյան 1920 թ. ապրիլի 3, Վաղարշապատ:»

* Փափազյանը նշում է ամսաթվերը հին տոմարով: Նոր տոմարով դրանք համապատասխանում են ապրիլի 24, 25 և 26-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ