Կինոն ռազմավարական հզոր զենք է-8 (կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)
Իշխան Ռուբենը, հավատալով խաչակիրների «քրիստոնեական սուրբ եղբայրությանն» ու ասպետական պատվին, նստած է պատվավոր տեղում։ Նա ցնծում է՝ կարծելով, թե դիվանագիտությամբ փակել է պատերազմների էջը։
Բոհեմունդ III-ը՝ դեմքին դատարկ, սառը ժպիտ, բարձրացնում է ոսկե գավաթը.
- Հանուն քրիստոնեական դաշինքի և հավերժ խաղաղության, իշխա՛ն։
Ռուբենը խմում է։ Բայց հենց որ գավաթը ցած է դնում, երաժշտությունը կտրուկ ընդհատվում է, իսկ սրահի ծանր վարագույրների հետևից հանկարծակի դուրս են գալիս լաթերով ու երկաթներով պատված տասնյակ զրահակիրներ։ Մինչ հայկական փոքրիկ պատվիրակությունը կհասցնի ձեռքը տանել սրերին, խաչակիրների զենքերը սեղմվում են նրանց կոկորդներին։
Բոհեմունդի դեմքից վերանում է շինծու բարությունը, մնում է միայն զավթիչի ցինիկ հաշվարկը։ Մեկ ակնթարթում Ռուբենին զրկում են իշխանական խորհրդանիշներից, շղթայում և բացահայտ նվաստացմամբ նետում Անտիոքի խոնավ, մութ ու առնետներով լեցուն բանտախուցը։
ՈՒշագրավ է, որ թուրքական պետական կինոարտադրությունը՝ TurkDizi-ին իր սերիալներում պատմության հենց այսպիսի դրվագներն է օգտագործում՝ իրականությունը գլխիվայր շրջելու համար։ Նրանց ֆիլմերում ուխտադրժությունն ու դավադրությունը վերագրվում են բացառապես քրիստոնյա (հայ կամ բյուզանդացի) իշխաններին, իսկ թյուրքական սուլթանները ներկայացվում են որպես այդ «նենգության» զոհեր կամ բացարձակ «արդարամիտ» փրկիչներ։ Ցուցադրելով պատմական իրականությունը, որտեղ հայկական պետականությունը ստիպված էր գոյամարտ մղել բոլոր ճակատներով՝ և՛ արևելյան քոչվորների, և՛ արևմտյան դաշնակիցների ուխտադրժության դեմ, մենք ջախջախում ենք թշնամական քարոզչության ստեղծած միակողմանի ու կեղծ կարծրատիպերը։
Սեղանին դրված է Բոհեմունդի վերջնագիրը․
«Ռուբեն իշխանի կյանքի և արևշատության դիմաց՝ անհապաղ հանձնել Կիլիկիայի բանալիներն ու սահմանային անառիկ բերդերը՝ Վահկայից մինչև Ադանա»։
- Ճշմարիտ է խոսում, հանձնե՛նք,- հավանություն են տալիս ներկաները։
- Լատիններն ահեղ ուժ ունեն, և եթե մերժենք նրանց դեսպաններին, նրանք իրենց ողջ զորքով կաշխատեն մեր դեմ։ Ավելի լավ է զիջենք այդ հողերը, քան թե հայրենի տունն ու գահը հիմնահատակ կործանենք։
Բոլորը նայում են գահի կողքին կանգնած Լևոնին, որի լռությունը սպառնալից է։
- Ո՛չ մի ամրոց, ո՛չ մի ափ հող չի՛ հանձնվելու լատիններին,- Լևոնի հայացքը սառեցնում է երկյուղած ավագանուն։- Եթե մենք այսօր Ռուբենի կյանքի գնով զիջենք մեր բերդերը, վաղը նրանք կկանգնեն Վահկայի պարիսպների տակ, իսկ մյուս օրը կկոտորեն մեզ բոլորիս՝ արդեն առանց սուր ճոճելու։ Թշնամու ագահությունը զիջումներով չեն հագեցնում, նրան սանձում են միայն սեփական արյան մեջ խեղդելով։ Զարկե՛ք ռազմակոչի թմբուկները։ Հավաքե՛ք հայոց այրուձին։
Տավրոսի լեռներով սլանում է հայկական հեծելազորը։ Չկան ջահեր, չկա աղմուկ։ Լևոնի գլխավորությամբ հայկական բանակը կայծակնային, անսպասելի գրոհով հարձակվում է Անտիոքի հյուսիսային և սահմանային ամրոցների վրա։
Կադրում պատկերվում է գիշերային կատաղի մարտ. հայերի սրերը ճեղքում են խաչակիրների զրահները, ամրոցների դարպասները տապալվում են։
Ներկայացվողը ոչ թե սովորական ռազմական գործողություն է, այլ վիրահատական ճշգրտությամբ հարված՝ թշնամու թիկունքին։ Լևոնը ոչ միայն գրավում է ամրությունները, այլև գերի է վերցնում Բոհեմունդ III-ի մերձավորագույն ազնվականներին, նրա ռազմավարական դաշնակիցներին և Անտիոքի էլիտայի ընտանիքների անդամներին, որոնք այդ օրերին գտնվում էին սահմանային կալվածքներում։
Բոհեմունդը նստած է գավաթը ձեռքին՝ սպասելով հայկական բերդերի բանալիներին, երբ ներս է ընկնում սարսափահար սուրհանդակը։ Նա դողացող ձեռքերով դքսին է հանձնում Լևոնի նամակը՝ կնքված Ռուբինյանների առյուծով։
Բոհեմունդը բացում է մագաղաթը, և էկրանին հնչում է Լևոնի հզոր, կայուն ձայնը.
Պատմական իրականության կինեմատոգրաֆիկ վերականգնումը ցույց է տալիս, որ հայկական պետական միտքը դեռևս 12-րդ դարում գործել է բարձրագույն ռազմավարական ճշգրտությամբ: Այսպիսի էկրանավորումը ոչ միայն ջախջախում է թշնամու կեղծ պատմական քարոզչությունը, այլև հանդիսատեսի մեջ վերականգնում է սեփական ուժի, ինքնիշխանության և դիմադրողականության գենետիկ հիշողությունը:
Դարպասները բացվում են։ Ներս է մտնում Լևոնը՝ զրահապատ, կատարյալ հաղթողի կերպարանքով։ Նրան հաջորդում են հայկական ծանր հեծելազորայինները, որոնք ներս են բերում շղթայված անտիոքցի ազնվականներին։ Դրանից հետո սրահ է առաջնորդվում բանտից ազատված, հյուծված, բայց սթափված իշխան Ռուբենը։
Բոհեմունդը, խեղդելով հպարտությունը, դիմում է Լևոնին.
Կապիտուլյացիան ստորագրված է։
Ռուբենը ցածրաձայն շշնջում է.
Կադրը դանդաղորեն մոտենում է Լևոնի դեմքին․ նրա աչքերում չկա պատանեկան ոգևորություն, այլ կա հասուն, աշխարհաքաղաքական բարդ խաղերի պատրաստ պետական տիրակալի հեռատեսություն։
Երաժշտական ֆոնը՝ հայկական փողային և լարային գործիքների ծանր, բայց վեհաշուք ակորդներով, աստիճանաբար բարձրանում է՝ ընդգծելով պահի պատմական կարևորությունը։
Թուրքական կինոքարոզչությունը միլիարդավոր դոլարներ է ներդնում, որպեսզի էկրաններից ջնջի քրիստոնյա, մասնավորապես՝ հայկական պետական մտքի այսպիսի ռազմավարական հաղթանակները՝ տարածաշրջանի ժողովուրդներին ներշնչելով սեփական անզորության և թյուրքական բացարձակ գերակայության կեղծ միֆը։
Կինոն ռազմավարական հզոր զենք է, քանի որ այն ձևավորում է սերունդների հոգեբանությունը. իսկ պատմական ճշմարտության էկրանավորումը լավագույն վահանն է այդ տեղեկատվական պատերազմում։
Կատաղի քամին թրթռացնում է նրա արքայական ծիրանին: Ապագա Մեծագործը նայում է հորիզոնում ուրվագծվող սելջուկյան և լատինական նավերին, ապա ձեռքը դնում սրի դաստապանին ու հաստատակամ ձայնով ասում.
- Այսուհե՛տ կիլիկյան ջրերում միայն հայոց կամքն է տիրելու։ Սա՛ է մեր ծովը։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր պատմական ճշմարտությունը փոխարկել ռազմավարական փափուկ ուժի։
Քանի դեռ հայկական մեդիա-միտքն էկրաններից պատմում է միայն իր կոտորածների, կորուստների և աշխարհից արդարություն մուրալու մասին, թշնամու «TurkDizi» բազմամիլիոնանոց մեքենան անարգել ձևավորելու է «պարտված ու թույլ հայի» կործանարար կարծրատիպը։
Կինոն ռազմավարական զենք է, քանի որ այն չի արձանագրում անցյալը, այն ծրագրավորում է ապագան։ Մեր պատմության հաղթական էջերի, Լևոն Մեծագործի պես կոշտ ու հաշվարկող քաղաքական տիրակալների կինեմատոգրաֆիկ վերածնունդը հոգեբանական այն հակաթույնն է, որն ընդունակ է վերականգնելու մեր ազգային դիմադրողականությունը։
Էկրանը պետք է դադարի լինել լացի վայր. այն պետք է դառնա սեփական կամքը պարտադրելու հարթակ։
Ով տիրում է էկրանին, նա էլ ձևավորում է վաղվա աշխարհաքաղաքական իրականությունը։
Երևակայական այս սերիալի, ինչպես և մեր անցյալի մյուս հաղթական էջերի մեդիա-մոդելավորումը, որն «ապրում, շնչում և հրաշքներ է գործում» առայժմ միայն իմ ցնորային աշխարհում, հզոր մի «եղիցի՛»-ով պետք է շնչավորվի ու մարմին առնի։
Բայց այդ ռազմավարական զենքն իրական գործողության մեջ դնելու հերթն արդեն ոչ թե ինձ նման սովորական լրագրողներինն է, այլ կինոարտադրողների, իսկական պրոֆեսիոնալների և համահայկական այն ներուժինը, որն ի զորու է տիրելու էկրանին և կերտելու վաղվա մեր հաղթող տեսակը։








































