«Ես որևիցե տեղ չեմ արձանագրել, որ ՀՀ կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես՝ ԱԳ նախարարը, ասել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, ես նման լուր չեմ կարդացել որևէ տեղ»,- այս մասին կառավարության հոկտեմբերի 21-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին։

ԿԳՄՍ նախարարի ասելով՝ խոսքը, հավանաբար, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորելու մասին է եղել։

«Այս պահին նման հարց օրակարգում չկա։ Մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով, այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն ու ինֆորմացված կլինենք, ի վերջո կաղապարված չենք մեր սահմաններով, 21-րդ դարում շփումների կարիք եւ անհրաժեշտություն ունենք, լեզուների իմացությունն առավելություն է՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ լեզուն»,- վստահեցրեց Դումանյանը։ 

Նրա խոսքով՝ օրեր առաջ Հայաստանում էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների միության ղեկավարությունը։ Պատերազմի ընթացքում զինվորներին վիրահատած բժիշկներն առաջարկել են հայ բժիշկների վերապատրաստումը կազմակերպել Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում, սակայն լեզվի խոչընդոտ է եղել։

Այնուհետև նախարարն առաջարկել է բժշկական համալսարանում ֆրանսերեն սովորեցնել, ինչին համաձայնել է նաև բուհի ռեկտորը։

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն