Սա նման է նրան, որ ասես՝ «եթե պիտի մեռնես, էլ ինչո՞ւ ես ծնվել». Էդուարդ Շարմազանով
Անդրադառնալով ՔՊ-ի մյուս թեզին, թե իբր իրենք առաջինը չեն, որ հրաժարվել են Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկել որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, և որ 1991-1998 թթ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ դա պետական առաջնահերթություն չի եղել, նշեմ,
որ այստեղ կա մի մեծ բայց. ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի ՀՀ առաջին իշխանությունը՝ Տեր-Պետրոսյանի գլվավորությամբ, չի ասել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն օտար նարատիվ է, ներմուծված է արտաքին կենտրոններից։
Զուգահեռներն անհամատեղելի են: Այո, և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հարցը չի եղել արտաքին քաղաքականության առաջնահերթություն, բայց Տեր-Պետրոսյանը Փաշինյանի նման չի ասել՝ ինչու՞ 1930-ականներին Ցեղասպանությունից չէին խոսում, այլ 1950-ականներից սկսեցին խոսել։
Ե՛վ 2015-ի հունվարին հրապարակված Համահայկական հռչակագրում, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ Հանրապետական կուսակցության ամբողջ պաշտոնավարման շրջանում կանխարգելման լավագույն լուծումը եղել է դատապարտումը, որովհետև եթե դու անցյալի հանցագործությունները չես դատապարտում, վտանգ կա նոր հանցագործությունների ու ոճրագործությունների։ Երբ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը 2020 թվականից հետո փոխեց իր կուրսը Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ճանաչման գործում, 2023 թվականին տեղի ունեցավ նոր ոճրագործություն՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը։
Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնարդյունքը միջազգային հանրության կողմից այդ հանցագործության դատապարտումն է՝ ինչպես եղավ Հոլոքոստի դեպքում, որպեսզի նոր ոճրագործություններ չկրկնվեն։ Սա է հստակ նպատակը։
Իսկ ՔՊ-ն արեց լրիվ հակառակը։
Եվ արդյունքում ականատես եղանք, թե ինչպես դա բերեց Ադրբեջանի նոր ցեղասպան քաղաքականության։
Նաեւ ՔՊ-ի լռությունն ու անգործությունը հանգեցրին նրան, որ այսօր Արցախում հայ չկա։
Մեզ համար սպառնալիք են Ադրբեջանն ու Թուրքիան, և մենք առաջ ենք տարել մեր օրակարգը։ 2015 թվականին աշխարհի ազդեցիկ դերակաարները՝ Հռոմի պապը, Պուտինը, Օլանդը, ավելի քան 100 պատվիրակություններ Երեւանում էին ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ՝ Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահները Ծիծեռնակաբերդում դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Բա ժողովրդավարության բաստիոնն ինչպե՞ս կարող է իր առաջնահերթությունը չհամարել մարդկության և հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը։
Չէ՞ որ ժողովրդավարության հիմքը մարդու իրավունքներն են, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գլխավոր նպատակը հենց դա է եղել՝ դատապարտել և կանխարգելել, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատ չլինեն անելու այն, ինչ ուզում են։
Իսկ հայ-թուրքական սահմանը ո՞վ է փակել։ Դեռևս 1993 -ին սահմանը փակել է Թուրքիան ու սա հանրահայտ փաստ է։
Հայաստանի որևէ իշխանություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Թուրքիայի հետ սահմանների բացմանը դեմ չի եղել, ավելին, Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ առանց նախապայմանների հարաբերության հաստատում:
Թուրքիան նախապայմաններ դրեց, Սերժ Սարգսյանն էլ այդ արձանագրություններն ուղարկեց «գրողի ծոցը»։
Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում (2008–2018 թթ.) ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նոր թափ հավաքել, այլ նաև իրականացվել է ժխտողականության քրեականացում մի շարք երկրներում։
Չի կարող ժողովրդավարական պետությունը չդատապարտի մարդկության դեմ իրականացված անցյալի ոճրագործությունը, երբ, քանի դեռ անցյալի ոճրագործությունները դատապարտված չեն, նոր ոճրագործությունների վտանգ կա, ինչն էլ եղավ Արցախի պարագայում։
Երբ որ Հայաստանի իշխանությունը լռում է ու անգործության է մատնված գալիս է նոր աղետ:
Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը բխել է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգությունից։
Բա ո՞նց էր,որ երբ գնում էինք միջազգային այդ համաժողովներին, տեսնում էինք ,թե ինչպես է Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջ դիվանագիտական կորպուսը լցված այն երկրների պառլամենտները, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Բա ինչո՞ւ էին այդպես անում, եթե դա «ոչինչ չէր տալիս»:
Եվ հիմա կանգնել ու ասել՝ «ի՞նչ տվեց, վերջնարդյունքը ո՞րն է»…
Սա նման է նրան, որ ասես՝ «եթե պիտի մեռնես, էլ ինչո՞ւ ես ծնվել»։
Դա անհեթեթ մոտեցում է։
Հրեա ժողովորդը կամ Իսրայելը, որ դատապարտում են Հոլոքոստը, ի՞նչ է, դա ոչինչ չի՞ տալիս։
Իսրայելի պառլամենտում եթե մեկը նման բան ասեր,հասարակությունը նրան ի՞նչ գնահատական կտար։
Դա նոր հանցագործությունների կանխարգելման նպատակ ունի, որն իշխող կուսակցությունը չկանխեց, և տեղի ունեցավ էթնիկ զտում Արցախում:






































