Նիկոլ Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ցուցմունք տվեց,որ Սյունիքում զորքերը հետ քաշելու միանձնյա հրաման է տվել, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման ինքն է տվել, իսկ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է այն: Ընդ որում՝ հրամանը տվել է միանձնյա՝ առանց Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, բավարարվել միայն ԱԽ անդամների և Սյունիքի մարզպետի հետ քննարկումներով:

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է դիտարկվել հանցագործության մասին հաղորդում.

«Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի մեջ արտացոլված է, որ զորքերը մնում են նույն դիրքերում, իսկ մենք Զանգելանի ուղղությամբ 20 կմ հետ ենք նահանջել: Մենք այնտեղ այնպիսի դիրքեր էինք կառուցել, որ անգամ ավիացիոն ռումբերով չէին կարողանալու վնաս տալ:

Եթե մնացել է իրավապահ մարմին, ինչին ես կասկածում եմ, թող իրենք զբաղվեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությամբ և քրեական գործ հարուցեն»,-ասաց Վահե Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրաման է տվել, քանի որ ռազմական գործողություններ սկսման վտանգ է տեսել:

Պատգամավորը անհասկանալի համարեց, թե Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների սկսման ի՞նչ վտանգ է տեսել, այն դեպքում, երբ մարտական գործողություններն այդ ժամանակ Սյունիքից հեռու էին ընթանում.

«Հոկտեմբերին, երբ ինքը եկավ Սյունիք և համայնքի ղեկավարներին հավաքեց, կոչ արեց, որ ամեն մեկն իր համայնքը պաշտպանի, ինքն արդեն գիտե՞ր որ թշնամին այդքան առաջ է գալու, մարտերի ընթանում էին այդտեղից 50-60 կմ այն կողմ։ Այս հարցերի պատասխանները մենք չունենք այսօր, բայց վստահեցնում եմ՝ ունենալու ենք»:

Նիկոլ Փաշինյանը երեկ ընդդիմադիրներին Արցախի հարցով հրավիրեց փակ քննարկման, ինչին անմիջապես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ են քննարկել միայն իր հրաժարականի հարցը:

Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը նույնպես Նիկոլ Փաշինյանի հետ որևէ փակ ֆորմատով չի պատրաստվում բանակցություն տանել:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյան մշտապես շահարկում է պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ իր հանդիպումը և ասում՝ թե ընդդիմադիրները նախապես տեղյակ են եղել պատերազմի ելքի մասին:

Հարցին՝ եթե ամեն դեպքում նրան հաջողվի ընդդիմադիրների հետ փակ հանդիպում կազմակերպել, արդյո՞ք չի փորձի կրկին իրադարձությունների վատ զարգացման դեպքում մեղքը բարդել ընդդիմադիրների վրա, Վահե Հակոբյանը պատասխանեց.

«Իրենք փորձում են հարցը բերել այդ ֆորմատ, որ հետո ասեն՝ տեսեք, մենք իրար հետ խոսեցինք, որոշում կայացրեցինք, ինչը ինքը փորձեց անել մեկ տարի առաջ»:

Նիկոլ Փաշինյանը նաև երաշխավորեց, որ փակ ֆորմատի հանդիպումը «լրիվ այլ տոնով» է լինելու:

Թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Ինքը չի կարող մեզ հետ այլ տոնով խոսի, որովհետև համապատասխան այլ տոներ կստանա, իր երանգներով՝ մինչև սյունյաց ողջույն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն