Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Փոփոխությունների հիմնական նպատակը «Օդանավակայանի տաքսի ծառայություն» հասկացություն ամրագրելն է:

Փոխնախարարի խոսքով` առաջարկվում է տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու համար տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Վերջինիս պետական տուրքը տարեկան սահմանվում է տարեկան 200 000 դրամ:

Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները:

«Ավելի հստակ ասեմ` պետք է լինի շախմատաձև և «Աէրոտաքսի» գրառմամբ, տաքսիի նշանով: Ընտրել ենք սպիտակ գույնը, և սահմանափակում է դրվել` յոթ տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներին արգելվելու է նման տեսակի լիցենզիա ստանալը: Իսկ իրավախախտումների համար կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»,-ասաց փոխնախարարը:

Սիմոնյանը մանրամասնեց, թե որն է նման փոփոխությունների նպատակը, քանի որ օդանավակայանը զբոսաշրջիկի համար «երկրի առաջին դեմքն է»:

«Միտումն այն է, որ եթե այս փոքրիկ մոդելն իրեն արդարացնի, տարածենք ամբողջ հանրապետությունով»,- ասաց փոխնախարարը:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ:

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն