Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի շուրջ աղմուկը երկու տարի է չի դադարում։ Դանիելյանին փաստաբանական համայնքը համարում է իշխանության հրահանգները կատարող դատավորներից մեկը։ 

Հենց նրան են մակագրվում քաղաքական այն աղմկահարույց գործերն ու բողոքները, որոնցով պետք է իշխանությանը հաճո որոշումներ կայացվեն։ Վերջերս նա հայտնվեց մի անհավանական պատմության մեջ․ պարզվում է, որ Վերաքննիչի դատավորը  քովիդով վարակված լինելու ժամանակ իր հարկադիր բացակայության ընթացքում չի հանձնել հրատապ գործերը, ավելին՝ լինելով վարակակիր եւ դեռեւս չապաքինված, նա մի քանի օր գնացել է աշխատանքի եւ  կալանավորման որոշում կայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի նկատմամբ, որը նաեւ Քասախի համայնքապետն է։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ Հայաստանում որեւէ մեկը անառողջ վիճակում իրավունք չունի աշխատանքի գնալու․ «Չեմ պատկերացնում, որ դատավորը հիվանդ կարող է գործի գնացած լինի։ Մենք նման բան լսել ենք մամուլից, բայց նման փաստ չունենք»։

Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանն էլ նշեց. «Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանի գործողություններին, այս թե հին կայացրած որոշումներին` դատական նիստի վերաբերյալ, մեր կողմից հայտնաբերված ենթադրյալ խախտումների վերաբերյալ ներկայացվել են, թե Վճռաբեկ դատարան բողոք, եւ թե նաեւ ներկայացրել ենք համապատասխանաբար կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն»։ 

Այլ հարցերի փասաբանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե պետք է խորհրդկացի իր պաշտպանյալի հետ։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ թեմայի գլխավոր անձի՝ դատավոր Դանիելյանի հետ, նա պատասխանեց հեռախոսազանգին, ավելին՝ մեր ինչպե՞ս է հարցին պատասխանեց, որ լավ է, այնուհետեւ, երբ ներկայացանք, որ իրեն լրագրող է զանգահարում, հայտնի դատավորը աճապարեց փոխանցել, որ խիստ զբաղված է եւ անջատեց հեռախոսազանգը։

Արդարադատության նախարարությունից փորձեցինք Արմեն Դանիելյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ինֆորմացիա ստանալ, նրանք իրենց ոճին համապատասխան հերթական «հերթապահ», անբովանդակ պատասխանը տվեցին` մի մեծ տեքստով, որտեղ պաշտոնական լեզվով պատմում են կարգապահական վարույթի գաղտնիության մասին։

«Վարույթի շրջանակներում քննարկվող տեղեկությունները բացահայտման ենթակա չեն... Հարուցված վարույթի նյութերը, այդ թվում՝ այն հարուցելու մասին որոշումը, համաձայն նույն օրենսդրության, չեն կարող տրամադրվել օրենքով դրա իրավունքով չօժտված անձանց»։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը հանրությանը հայտնի դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, հենց նրա վարույթում էր քննվում նախկին պաշտոնյայի գործը։ Այդ գործով նիստերի ընթացքում նա բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ եւ գործողություններ արեց, որոնք մինչ օրս հիշվում են։ Օրինակ, նիստերից մեկի ժամանակ նա թույլ չէր տվել ելույթ ունենալ Ռ․ Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին, նիստերի ընթացքում պոռթկում էր եւ այլն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն