Հիմնավոր կասկածներ կան, որ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, իսկ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիա է մեկնարկել։ Այս անգամ «5165 շարժումն» է Կարին Տոնոյանի գլխավորությամբ փողոց դուրս եկել։ Նախատեսված է, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են նաեւ դեպի նախագահական ու Բաղրամյան 19՝ ԱԺ։
Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:
Մեր մտահոգություններն ավելանում են, քանի որ նշված փաստաթղթի բովանդակության բացահայտմանն ուղղված խորհրդարանական և արտախորհրդարանական նախաձեռնությունները տապալվում են:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը:
Տեղեկացնում ենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը: Տեղում կներկայացնենք նաև հետագա գործողությունների ծրագիրը:
Հարգելի՛ հայրենակիցներ, մեր պահանջը վերկուսակցական է:
Մենք սատարում ենք բոլոր այն ուժերին, որոնք այս պահին հանդես են գալիս նմանատիպ նախաձեռնություններով և կոչ ենք անում հետևել մեր օրինակին՝ ցած դնել կուսակցական դրոշները և միավորվել այս պահանջ-փաստաթղթի շուրջ»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։
Hraparak.am