Այս տարվա սկզբից Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների տարբեր երթուղիներում հայտնվեցին ռուսական արտադրության նոր «գազելներ»: Երեւանով մեկ տարածված հին ու ավեր «գազելների» հետ համեմատել չի կարելի, սրանք շատ լավն են, բայց էլի Երեւանի նման քաղաքին հարմար չեն: 2018-ի թավշյա փոփոխություններից հետո «Մեր դեմ խաղ չկա» մտածողությամբ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը բազմաթիվ անգամներ խոստացել է, որ այս հոկտեմբերին՝ անցած ամիս, Երեւանում կլինեն մեծ ավտոբուսներ: 

Խոստացավ ու չարեց: Ավտոբուսները դեռ չկան, փոխարենը նոր «գազելներում» հայտնվել են լուսանկարում պատկերված ազդագրերը: Սա նշանակում է, որ նոր «գազելները» վարող հին վարորդները հին «գազելների» հոռի բարքերը տեղափոխել են նոր «գազելներ»: Սա նշանակում է, որ օրինախախտ՝ երթեւեկության ընթացքում ծխող վարորդները հաղթեցին «Մեր դեմ խաղ չկա» մտածողությամբ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանին: Սա նշանակում է, որ Հայկ Մարությանը կապիտուլացվեց, ինչպես այն ուժի ղեկավարը, որի շնորհիվ ինքը հիմա քաղաքապետ է:

Հայկ Մարությանի քաղաքական ղեկավարի կապիտուլյացիան լինել-չլինելու խնդիր է կախել Հայաստանի գլխին: Հայկ Մարությանի կապիտուլյացիան երեւանցիների վճարած հարկերից աշխատավարձ ստանալու եւ նրանց համար ոչինչ չանելու դրսեւորում է եւ օրենքի խախտում: «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետը կազմակերպում է Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երեւանի մետրոպոլիտենի): Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն էլ համակարգում է բոլոր տեսակի քաղաքային ուղեւորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս, մետրոպոլիտեն) աշխատանքը՝ անկախ դրանց պատկանելությունից եւ սեփականության ձեւից: Եվ քանի որ հին ու նոր «գազելներում» Երեւանի քաղաքապետն ու նրա ղեկավարած քաղաքապետարանը երեւանցիներից աշխատավարձ ստանալով իրենց գործը թողնում են նույն երեւանցիներին, նշանակում է՝ նրանք խախտում են նշված օրենքը: Մինչդեռ ամեն անգամ նոր «գազելների» աշխատանքի մեկնարկը տալիս քաղաքապետարանը հայտարարում էր. վարորդները հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։ 

Այսինքն՝ Երեւանում չծխող վարորդներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելը Հայկ Մարությանի հերթական փուչ խոստումն էր ու կապիտուլյացիան օրինախախտ վարորդներից:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն