Գնաճ, աղքատացում, ներդրումների բացակայություն․ Ինչ է կատարվում տնտեսության ոլորտում
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը
Պարոն Ավետիսյան, 2020 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 27 տոկոս։ Ի՞նչ են ցույց տալիս միտումները։
Միտումներն ինքնին բացասական են և վերաբերում են սոցիալական խնդիրների սրմանը։ Բայց ես կարևորում եմ նաև այն գործոնները, որոնք բերում են այս իրավիճակին։ Եվ, ցավոք սրտի, այդ գործոններն առանջանցիկ են ու պահպանվող։ Հետևաբար, կանխատեսումներն այդ ֆոնին ավելի բացասական են։ Ըստ հաշվարկվող մեթոդաբանության՝ 27 տոկոսն աղքատության միջին մակարդակն է, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, աղքատության վերին գիծն ավելի բնութագրական է։ Խոսքը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտ ունեցող անձանց մասին է։ Այստեղ մենք ունենք էական աճ՝ մոտավորապես 43 տոկոսից դարձել է 48 տոկոս, ավելի քան 5 տոկոսային կետ աճ ունենք։ Այսինքն՝ մեր հանրության շուրջ կեսը փաստացի ունենում է մեկ շնչի հաշվով ամսական ավելի քիչ եկամուտ, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։
Երկրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է առաջանցիկ գնաճին։ Բարձր գնաճը, որը մեկնարկեց 2020 թվականին, և տարին ամփոփվեց միջին գնաճի 4,5 տոկոս ցուցանիշով, դա շարունակվում է նաև 2021 թվականին։ Հատկանշական է սննդամթերքի գնաճը, որն ուղղակի կապի մեջ է և աղքատության, և սոցիալական վիճակի հետ։ Սննդամթերքի գնաճի մասով մենք ունենք 11,3 տոկոս ցուցանիշ, և առաջին անհնաժեշտության ապրանքների խմբում էլ ավելի բարձր գնաճ է արձանագրվել այս տարի։ Բացի գնաճից, պետք է անդրադառնանք մեկ այլ գործոնի ևս՝ մարդկանց անվանական եկամուտները։ 2020-ի համեմատ 2021 թվականին սոցիալապես անապահով խավի համար անվանական եկամուտներն ընդհանրապես չեն աճել։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակներին, անապահովության նպաստերին, նվազագույն աշխատավարձին և ընդհանրապես հանրային ծառայության ոլորտի վարձատրությանը։ Որոշակի աճ կա միջին աշխատավարձի մասով՝ 6,7 տոկոս աճ, բայց դա հավասար չէ նույնիսկ միջին գնաճի ցուցանիշին, որն արդեն ասացի՝ 7,1 տոկոս է և ունի աճի միտում։ Իսկ սննադամթերքի գնաճը միջին աշխատավարձի աճի գրեթե կրկնակի չափով է տեղի ունեցել։ Սրան էլ գումարենք մի կարևոր հանգամանք՝ հաջորդ տարվա պետական բյուջեի սոցիալական կարևոր ցուցանիշների աճ չունենք։ Օրինակ՝ անապահովության նպաստը, նվազագույն աշխատավարձը, հանրային ծառայության բազային աշխատավարձը չի բարձրանալու։ Իսկ թոշակների մասով չի բարձրանալու ոչ թոշակի բազային մասը, ոչ էլ մեկ տարվա արժեքը, ընդամենը նվազագույն չափը բարձրանալու է մոտ 2000 դրամով, իսկ դա վերաբերում է ընդամենը թոշակառուների 1/6-ին։ Արդեն այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով 70 հազարի դրամը հատել է։ Եվ այս գնաճի ֆոնին, իմ կանխատեսմամբ, մինչև հաջորդ տարվա վերջ, նույնիսկ եթե հաշվի առնենք կառավարության կանխատեսած գնաճը՝ 5,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղը մոտավորապես կդառնա 75-76 հազար դրամ։
Ես այն կարծիքին եմ մնում, որ 2021 թվականի ցուցանիշներն ավելի մտահոգիչ են, փաստացի 2021 թվականին մարդիկ ավելի վատ են ապրել, հիմնականում սոցիալապես խոցելի խմբերը, քան 2020 թվականին։ Իսկ 2022 թվականին, այս բյուջեն ընդունելու պարագայում, մենք ավելի սուր սոցիալական խնդիրներ և աղքատության բերող առաջանցիկ գործոններ կունենանք, քան այս տարի։ Եվ ես չեմ ընդունում իշխանությունների այն տեսակետը, որ ասում են՝ սոցիալական խնդիրները թող մի քիչ սպասեն։
Անվտանգային հարցերի լուծմանն ուղղվող միջոցները բավարա՞ր են։
Ոչ, պաշտպանության բյուջեն ընդամենը 10 տոկոսով է աճում, այստեղ առաջանցիկ աճ չկա։ Առաջանցիկ աճ ունենք կապիտալ ծախսերի գծով՝ 60-65 տոկոս աճ։
Կառավարության անդամները հիմնավորում են, որ կապիտալ ծախսերի կտրուկ աճը կնպաստի հավելյալ տնտեսական աճի ձևավորմանը։
Դա շատ վիճելի թեզ է, որովահետև միայն կապիտալ ծախսերի ավելացումը չէ, որ բերում է տնտեսական աճի։ Տնտեսական աճի ավելի կարևոր գործոն են ներդրումները, հատկապես օտարերկրյա ներդրումները։ Բայց մենք այս դաշտում միայն խոստումներ են տեսնում, փաստացի օտարերկրյա ներդրումներ չկան։ Իսկ կապիտալ ծախսերի մասով այսօրվա իշխանություններին բնորոշ է այդ թիվը գրել թղթի վրա ու չկատարել։ 2018, 2019, 2020 թվականների թվերը նայեք, ունենք կապիտալ ծախսերի էական թերակատարումներ։ Եվ չի բացառվում, որ այս իներցիան շարունակելով՝ նաև 2022-ին ունենանք թերակառտարումներ։ Երկրորդ, կապիտալ ծախսերն ինքնին դրական են, որովհետև զարգացնում են ենթակառուցվածքները, բայց մենք պետք է համադրության մեջ նայենք՝ չի կարելի սոցիալապես անապահովների, թոշակառուների հացի հաշվին տանիք կառուցել կամ դպրոցի պատ ներկել։ Առաջնահերթություններ պետք է սահմանվեն։ Լավ օրից չէ, որ նրանք այդ կապիտալ ծախսերն ավելացնում են, որովհետև մենք մակրոտնտեսական անկայունության խնդիրներ ունենք, արտաքին պարտքն է առաջանցիկ աճում, տնտեսությունը համաչափ չի աճում, չի վերականգնվել։ Դրա համար ես կարծում եմ՝ նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հորդոր-պահանջով իշխանություններն ստիպված են լինում զսպել սոցիալական ծախսերը և ավելացնել կապիտալ ծախսերը, որպեսզի որոշակի տնտեսական հավասարակշռություն լինի։ Բայց տնտեսական հավասարակշռությունն արդար չէ, ազնիվ չէ։ Նաև չեմ կարծում, որ բարոյական է բացառապես սոցիալապես խոցելի խմբերի հաշվին դա անել։ Եկեք պարզ դիտարկենք, եթե սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները նվազում են, և մենք դա համարում ենք նորմալ, որովհետև ուզում ենք տնտեսություն զարգացնել, որքանո՞վ է նորմալ, երբ չի նվազում բաձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների պարգևատրումը։ Կամ ինչ-որ անհասկանալի ծախսերի համար հինգ անգամ ավելացնում են պատգամավորների ամսական ծախսը, որը մոտավորապես 4 հատ նվազագույն աշխատավարձ է կազմում։ Սա ընկալելի ու հասկանալի չէ, ինչքան էլ փորձեն իշխանությունները մանիպուլացնել։ Մոտեցման հիմքում պետք է լինի արդարության սկզբունքը, ոչ թե ասել՝ պատգամավորները քիչ են, կարելի է պարգևատրում տալ, պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները քիչ են, պետք է լավ ապրեն, բայց աղքատները, որ հանրության կեսն են, պետք է ավելի վատ ապրեն։
Մենք չենք հակադրվում, դպրոցաշինությունը պետք է, բայց խնդիրն առաջնահերթությունների մեջ է։ Դպրոցը վերանորոգենք, էլ ավելի թերսնված երեխան գնա դպրոց, դա կլինի որակյալ կրթության հի՞մք։ Աղքատ մարդը, թոշակառուն չէ մեղավոր, որ մեր տնտեսությունը մտել է հյուծման, դեգրադացիայի փուլ։ Տնտեսական որոշում կայացնողներն են մեղավոր, իշխանությունն է այս իրավիճակի համար մեղավոր, որը խոստացել էր միլիարդավոր դոլարի ներդրումներ։ Որքան իշխխանությունները վարժ են, ճկուն ու շնորհալի են պոպուլիզմի դաշտում, մեղքը սրա-նրա վրա գցելու, իրենց արդարացնելու դաշտում, նույնչափ էլ ապաշնորհ ու ապիկար են կոնկրետ դրված խնդիրները լուծելու իմաստով։
Lragir.am