Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները մայիսի 20-ին և 21-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, այդ թվում՝ բեռնատար։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի մարզի տարբեր վայրերից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: