Lragir.am-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

Պարոն Թադևոսյան, կորոնավիրուսային հիվանդացության թվերը Հայաստանում նվազում են, համավարակը հաղթահարվո՞ւմ է։

Եկեք հավատանք, որ այո, հաղթահարվում է։ Բայց դեռ դժվար է ասել, նամանավանդ, որ այս վիրուսն այնքան անսովոր է ու կոտրեց բոլոր կանոնները, որ դժվար է հստակ բան ասել։ Համենայնդեպս վերջին երեք օրերին քիչ թվով դեպքեր են գրանցվում, և ամենահուսադրող ցուցանիշն այն է, որ մահերի թիվն է նվազում։ Մահացության թվերը խոսում են այն մասին, որ ծանր դեպքերն են նվազել, բացի դա, հիվանդանոցները մի քիչ բեռնաթափվել են և կարողանում են ժամանակին ու լիարժեք օգնություն ցուցաբերել մարդկանց։

Կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» ի հայտ գալու մասին է հայտարարվել, ի՞նչ տեղեկություններ կան այս շտամի մասին։

Դեռ շատ շուտ է այդ շտամի մասին խոսել, նույնիսկ ԱՀԿ-ն, որն այդ ամբողջ ինֆորմացիան կուտակում է, դեռ ռիսկ չի անում հստակ հայտարարություն անել։ Համենայնդեպս, հայտարարված է, որ այսօրվա դրությամբ դեռ մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։ Բայց չեն ասում, թե քանի ընդհանուր դեպք կա։ Մենք նաև չգիտենք, թե ինչ տարիքային խմբերում է շտամը տարածվում, որ երկրներում է հիմնականում տարածվում։ Լավ, Աֆրիկայից սկսվեց, հետո ո՞ւր գնաց։ Կա ինֆորմացիա, որ աֆրիկյան ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներն ավելի հակված են այս շտամը ծանր տանելուն, քան մյուս ժողովուրդները։ Բայց այդ ամբողջն այսօր հստակ չէ, սպեկույլացիաներ են։ Ուղղակի չպետք է շտապել, մեր պրոբլեմներից մեկը նաև այն է, որ մենք հայտարարված ամեն ինչի միանգամից հավատում ենք։

Նոր շտամերի ի հայտ գալու դեպքում արդյոք վիրուսը չպե՞տք է թուլանա։

Ընդհանուր օրինաչափություն այդպիսին է` որքան մեծանում է վարակելու ու տարածվելու հնարավորությունը, այնքան ծանրությունը թուլանում է։ Սկսած նրանից, որ ընդհանրապես վիրուսին այնքան էլ ձեռնտու չէ բոլորին սպանելը, ինքը կմնա «անտեր»։

Հայաստանում իրավիճակը ձմռան ամիսներին կայո՞ւն կմնա։

Ես չեմ իմանում՝ «օմիկրոնը» կգա Հայաստան, թե ոչ և ինչպես իրեն կդրսևորի, բայց եթե այսպես մնա, ինձ թվում է՝ մենք գնում ենք դեպի նվազում։ Պաշտոնական թվերով՝ Հայաստանում գրանցված վարակի 340 հազարից ավելի դեպք ունենք։ Այսինքն՝ մենք ունենք մոտ կես միլիոն վարակված առողջացած, որը կազմում է մեր բնակչության 1/5-ը՝ 20 տոկոսը։ Դա քիչ է, բայց կան նաև չգրանցված՝ ասիմպտոմ դեպքեր։ Ժամանակին ասում էին՝ այդ հարաբերակցությունը մեկը տասին է։ Ինձ թվում է՝ այդքան շատ չէ, բայց եթե նույնիսկ մեկը երեքի էլ հաշվենք, արդեն վարակված անձանց թիվը մեկ միլիոնն անցնում է, պետք է որ իմունիտետ ձևավորվի։

Եթե դրան գումարում ենք պատվաստումները, և եթե մի քիչ ավելի ինտենսիվ լինի այդ գործընթացը, միգուցե Հայաստանում այլևս պիկ չունենանք։ Համենայնդեպս այդ հույսով ենք։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն