ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մինչև այս պահը բանակցությունների տրամաբանությունն այն է եղել, որ տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան կապը՝ երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո և ներքին ընթացակարգերի պահպանմամբ:

«Այսինքն՝ իքս ճանապարհը, որը գտնվում է ՀՀ տարածքում, պետք է ամբողջովին լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, և այդտեղ պետք է ամբողջովին գործի ՀՀ ներքին օրենսդրությունը: Նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո, ստեղծվեց իրավիճակ, երբ ՀՀ զինված ուժերը հետ քաշվեցին Խորհրդային Հայաստանի սահմաններ: Այստեղ Ձեզ մոտ հարց կառաջանա, ինչպե՞ս իմացաք, որ հենց դրանք են սահմանները, շատ տրամաբանական հարց է: Ի դեպ, ես զարմանում եմ, թե ինչու այդ հարցը չի առաջանում նույն Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի շրջանի հետ կապված: Ասում եմ՝ ինչպես դա իմացանք, նույն տեղից, որտեղից  մենք գիտենք, որ, օրինակ,  Սև լճի ու Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիներն ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ տարածք: Կրկնում եմ, որպեսզի հնարավորություն ունենամ լեգիտիմ կերպով, այդ թվում՝ նաև  միջազգային հանրությանն ասել, որ Սև լճի տարածքում ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, ես մեծ հաշվով պետք է ֆիքսեմ, թե ինչն եմ համարում  ՀՀ տարածք: Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, խորհրդային ժամանակների որևէ քարտեզով Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը, ցավոք, չի գտնվում ՀՀ տարածքում»,- շեշտեց Ռ. Ռուբինյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի, վերջերս խոսել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը պատմել է, թե լուրերով տեսել է մի քարտեզագետի, որը նույն բանն էր ասել, նրան հատուկ կանչել է իր մոտ՝ բացատրելու, թե ինչ քարտեզ է, զրույցի ընթացքում պարզվել է, որ նման բան չկա, քարտեզագետը չի կարողացել ասել, թե  ինչ քարտեզների հիմքով է ներկայացրել Գորիս-Կապան  ճանապարհի մասին իր տեսակետը:

«Հիմա, օրինակ, հայ-վրացական սահման կա՞, կա, չէ՞: Իսկ դուք գիտե՞ք, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով կա, որը տասնյակ տարիներ դեմարկացիա ու դելիմիտացիա է անում: Հիմա գանք մի բան զիջել, մի բան վերցնելուն. Եթե կհիշեք, մաքսակետն Ադրբեջանը տեղադրեց նոյեմբերի կեսերին, այն բանից հետո, երբ ՌԴ փոխվարչապետը եղել էր Հայաստանում և հրապարակային ասել էր հետևյալը, որ երեք երկրների փոխվարչապետները քննարկում են, որ ճանապարհները պետք է բացվեն, և դրանք պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում են գտնվում: Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում մաքսակետի տեղադրումն Ադրբեջանի ռեակցիան էր այս փաստի ֆիքսմանը»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն