«Կարծում եմ, ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել և տարընթերցումների տեղիք չպետք է տա: Մենք ըստ էության պահանջել էինք մի քանի հարցերով՝ գերիներ, ռազմավարի պուրակ, մշակութային հուշարձանների պահպանություն, հայատյացության քարոզի դադարեցում, միջանկյալ միջոց կիրառել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԵՊՀ դոցենտ, փաստաբան Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշմանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ներկայացրած բոլոր պահանջների մասին դատարանն իր միջանկյալ որոշման մեջ նշել է:

«Դրանք մեծ մասամբ բավարարվել են: Տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանի պահանջների մոտ 90 %-ը բավարարվել է: Իհարկե, մեր հայրենակիցներից շատերն ավելի մեծ բան էին ակնկալում, բայց պետք է հասկանալ՝ մենք ինչ էինք պահանջել դատարանից, ինչ կարող էինք պահանջել և ինչ ստանալ, որովհետև այն կոնվենցիան, որի շրջանակում պրոցեսը սկսվել էր, ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ կոնվենցիան էր»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Վերջինս նշեց՝ Ադրբեջանը հայելային նույնատիպ պահանջներ էր ներկայացրել, ինչպես նաև պահանջել էր ականապատ տարածքների քարտեզները: Ադրբեջանի մասով դատարանը, ըստ Տարոն Սիմոնյանի, ընդամենը երկու հռչակագրային հայտարարություն էր ընդունել:

«Հայաստանի համար ավել պարտավորություններ չեն սահմանվել, մինչդեռ Ադրբեջանի համար դրանք սահմանվել են: Օրինակ, արգելվել է պաշտոնական մակարդակով ատելության քարոզի տարածումը: Միջանկյալ միջոցի մեջ արձանագրվել է, որ Ադրբեջանը պարտավորվում է դադարեցնել և կանխել նման գործողությունները: Սա ամենամեծ արձանագրումներից մեկն էր»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

ԵՊՀ դոցենտը նշում է՝ գերիների վերադարձի մասով դատարանն արձանագրել է, որ այդ հարցի քննարկումն այս կոնվենցիայի տիրույթում չէ, սակայն պահանջել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը: Նույն տրամաբանությամբ մերժվել է Ադրբեջանի հայցապահանջը ականապատ տարածքների քարտեզների տրամադրման վերաբերյալ:

«Թե ինչ կքարոզեն Ադրբեջանում հասարակության համար, հարցի մյուս կողմն է, բայց մասնագետները հասկանում են, որ այս գործով Ադրբեջանի ամբողջական պարտությունն է գրանցվել»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Նա նկատեց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեր պահանջների փաստական հիմքն են:

«Հաագայի դատարանում մեր ներկայացուցիչը երբ ապացուցողական բազան ներկայացնում էր, մեծապես օգտվում էր նաև ՄԻՊ ներկայացրած փաստերից»,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ մեր պետական մյուս բարձրաստիճան այրերին կոչ անելով լռել, եթե չեն կարողանում մեր ազգային շահերին նպաստող հայտարարություններ անել:

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը՝ Տարոն Սիմոնյանը դատապարտեց այն:

«Ես չէի ուզենա՝ այս հարցը շատ արծարծվի հանրային տիրույթում, որովհետև դա միանշանակորեն վնասում է մեր ազգային շահերին ու գերիների իրավունքներին: Եթե այստեղ հայտարարում են, որ գերիների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, նույն Ադրբեջանը կարող է ասել՝ ես այս գերիներին մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ չեմ հանձնում Հայաստանին, որովհետև այնտեղ նրանց կդատապարտեն, հանձնում եմ 3-րդ երկրին, կամ չեմ էլ հանձնում, պահում եմ իմ երկրում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Վերջինս նշեց՝ մեր ամբողջ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն ազգային շահերին դեմ այնպիսի հայտարարություններ են արել և անում, որ ես ուղղակի բառեր չեմ գտնում:

«Միշտ պետք է հասկանալ՝ որտեղ է ավարտվում տգիտությունը, և սկսվում հանցավոր վարքագիծը: Կարող եմ մի բան ասել՝ անձինք, ովքեր չեն տիրապետում քաղաքական որոշակի էթիկային, առավել ևս՝ բարոյական էթիկային, իրավունք չունեն և չպետք է հավակնեն այդ պաշտոններին»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ այսօրվա քաղաքական գործիչներից շատերը նաև բարոյական իրավունք չունեն անդրադառնալ գերիների հարցին:

«Երբ նրանք հայտարարում են՝ պետք չէ փոքր տարածքի համար պատերազմ սկսել, այդ նույն հայտարարությունը լսում է նաև սահմանին կանգնած զինվորը և ասում՝ եթե իմ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ չէ պայքարել, էլ ես ինչո՞ւ իմ կյանքը զոհեմ: Ավելին, գերության մեջ հայտնված անձանց պետք չէ ոչ հերոսացնել, ոչ դավաճան դարձնել»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն