«Բլինկենն աչք է փակում քրիստոնյաների թիրախավորման վրա». ամերիկացի վերլուծաբանը կողմնակալ է անվանել ԱՄՆ պետքարտուղարի արձագանքը Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումներին
Կրոնական ազատությունը վտանգված է Միջին Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի «կողմնակալությունն» էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Այս մասին գրում է ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում:
Այս մասին գրելով՝ հեղինակը մի քանի օրինակ է բերում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աչք է փակում քրիստոնյաների դեմ մի շարք գործողությունների վրա, ինչպես օրինակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների դեմ իրակացացված ցեղասպանությունը: Աղբյուրը նշում է, որ եզդիներից շատերը դեռևս շարունակում են ստրկության մեջ գտնվել Թուրքիայում կամ դրա արաբական գործընկեր երկրներում:
«Քրիստոնյաները հաճախ են հայտնվում նշանակետում: Ուշադրություն դարձրեք 2020 թվականին տեղի ունեցած ղարաբաղյան հակամարտությունը Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին, երբ Թուրքիան և Ադրբեջանը համընդհանուր ուժերով հարձակում նախաձեռնեցին Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչության դեմ, ինչը համընկավ Օսմանյան կայսրության կողմից Հայաստան ներխուժման 100-ամյա տարելիցի հետ: Խորհրդանշականությունը հստակ էր. սա պայքար չէր հանուն հողի, այլ Հայոց ցեղասպանություն 2-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ադրբեջանցի գործընկեր Իհլամ Ալիևն իրենց ջիհադիստական հռետորաբանությունն արտահայտեցին գործողություններով՝ թիրախավորելով եկեղեցիներն ու այլ մշակութային ժառանգության կոթողներ»,- գրում է վերլուծաբանը:
Հեղինակը նշում է, որ հայերը հուսով էին, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բայդենը պահեց իր խոստումը, սակայն հարցն այն է, որ դրանից երկու օր անց Բլինկենը հայտարարեց Ադրբեջանին նոր օգնություն ուղարկելու մասին՝ գումար, որը օրինականորեն պահանջում էր, որ Ադրբեջանը վստահեցնի, որ հրաժարվում է ռազմական գործողություններց: Բլինկենի համար դա էր անկողմնակալությունը: Իրականությունը բարոյական հստակության բացակայությունն էր, որը խրախուսեց Ալիևին շարունակելու իր ռազմական քայլերը:
Այս մասին գրելով՝ Ռուբինը մատնանշում է, որ անցյալ ամիս ևս ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ տասից ավելի զինվորականի սպանելով: «Բլինկենի արձագանքը կողմնակալ էր՝ ուղղված երկու կողմերին՝ երբեք չնկատելով, որ հարձակում իրականացնողը միշտ միևնույն կողմն է»,- նկատում է Ռուբինը:
Tert.am