Ծանր վիրավորանքի քրեականացում․ խնդիրը կարելի է երկու ճանապարհով լուծել
Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը
Երեկ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ ուժը կորցրած ճանաչել ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածը: Խմբակցությունը պնդում է, որ այդ փոփոխություններն արվել են մեկ նպատակով՝ քրեաիրավական միջոցների և ընթացակարգերի գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը և հրապարակային քննադատությունը: Դուք ինչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:
Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ նպատակով է դա արվում, բայց որ ողջամիտ և իրավաչափ չէր քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը, քանի որ համոզված եմ, որ պաշտոնյաների և ընդհանրապես հանրային դեմքերի ավելի կայուն կամ ուժեղ պաշտպանությունը խոսքից՝ լինի վիրավորական խոսք, թե որևէ այլ, քան այլ քաղաքացիների, անթույլատրելի է: Այդ նախաձեռնությունը, որին ժամանակին կողմ քվեարկեց խորհրդարանական մեծամասնությունը, որքան շուտ չեղարկվի, այնքան լավ:
Նրանք նաև հայտարարում են, որ սա լրջորեն կվտանգի ժողովրդավարությունը և ՄԻԵԴ-ում մենք սրա հետ կապված բազմաթիվ գործեր կունենանք: Դուք նո՞ւյնպես նման կանխատեսում ունեք:
Շատ հավանական է, քանի որ այդ սկզբունքը, որ հանրային դեմքերը չպետք է ավելի ուժեղ պաշտպանություն ունենան, դա միջազգային ժողովրդավարական ստանդարտ է և ակնհայտորեն այդ հոդվածի կիրառմամբ մեզ մոտ այդ ստանդարտը դատական մակարդակով կխախտվի։ Շատ հնարավոր է, որ լինի նաև բողոքարկման մեծ հոսք, և այդ հոսքը կհասնի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հնչող ելույթներից, տրամադրվածությունից ակնհայտ է, որ իշխող մեծամասնությունն ընդառաջ չի գնալու այս առաջարկին: Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է արվեն:
Այստեղ երկու հիմնական ճանապարհ կա. առաջինի մասին մենք արդեն հակիրճ խոսել ենք, որ բողոքարկվեն այն բոլոր դատական որոշումները, որտեղ այս դրույթի հիման վրա, փաստորեն, մարդիկ պատժի են ենթարկվելու: Իսկ մյուս ճանապարհը, որը նույնպես զուգահեռ պետք է մենք անցնենք, դա այնպիսի այլընտրանքային մեխանիզմների մշակումն է և օրենսդրական, և ոչ օրենսդրական մակարդակով, որոնք կպաշտպանեն մարդկանց տեղեկատվական իրավունքները տարբեր տեսակի ոտնձգություններից, այդ թվում նաև հայհոյանքից: Եթե այդ մեխանիզմներն ավելի արդյունավետ աշխատեն, քան այսօր աշխատում են, խոսքը և էթիկայի կանոնների պահպանման մասին է ինքնակարգավորման մեխանիզմների միջոցով, և քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների արդյունավետ ու գրագետ կիրառման, ապա կունենանք լուրջ ապացույցներ, որ այն փոփոխությունները քրեական օրենսգրքում, որոնք ենթադրում են ծանր հայհոյանքի քրեականացում, կկորցնեն իրենց արդիականությունը: Իմ նշած այդ երկու ճանապարհներով անհրաժեշտ է, որ այսօր գնան բոլորը:
Չե՞ք կարծում, որ այս օրենսդրական փոփոխությունը որոշակի զսպաշապիկ եղավ, քանի որ կարծեք թե ատելության, վիրավորանքի թույնը որոշակիորեն նվազել է:
Միգուցե ժամանակով կարող է նվազած լինել, բայց պարզ է, որ քանի որ կա ընդհանուր լարվածություն մեր հանրային հարաբերություններում, մարդիկ կգտնեն հնարավորություններ ամեն դեպքում իրենց բացասական էմոցիաները տարածելու և հասցեագրելու այն անձանց, որոնց դա ուղղված է: Այնպես որ, չարժե փոխել տեղերով պատճառներն ու հետևանքները: Մենք առաջին հերթին, որպես հասարակություն, պետք է պատճառի դեմ պայքարենք, իսկ դա մեր հասարակությունում արմատավորվող ատելությունն է և անհանդուրժողականությունը: Իսկ դա գալիս է առաջին հերթին քաղաքական դաշտից, որովհետև հենց տարբեր ճամբարների քաղաքական գործիչներն իրար նկատմամբ այդ վերաբերմունքով առաջացնում են լայն հասարակական լարվածություն: Եթե նաև խոսքը խորհրդարանում վերջին տարբեր միջադեպերի մասին է, ապա այդ միջադեպերը եթե հետաքննվեն հետևողականորեն, աշխատի վերջապես ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովը, որի մասին վաղուց է խոսվում, ապա միգուցե մենք կկարողանանք հնարավորինս չեզոքացնել այն: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ՝ այդքան մտահոգիչ չեն դառնա նաև այդ հայհոյախառն գրառումները սոցիալական ցանցերում և հրապարակումները լրատվամիջոցներում:
Lragir.am