Մարիա Զախարովային պետք է ցույց տալ իր տեղը. Վերլուծություն
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ավանդական ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետկանչի մասին հարցին, որի մասին օրեր առաջ գրել էր «Հրապարակը», հայտարարել էր, որ իրենք 2 օր ժամանակ են տալիս «Հրապարակին», որպեսզի հերքում հրապարակվի։ Սա թերեւս առաջին դեպքն է, որ ռուսաստանցի պետական պաշտոնյան նման ուլտիմատումային լեզվով խոսում է ոչ իր տարածքում գործող լրատվամիջոցի մասին։ «Հրապարակը» նույն օրն արձագանքել էր այս աննախադեպ քայլին, բայց մի քանի նկատառում չէր խանգարի։
• Իրականում այն, որ Մարիա Զախարովան ուլտիմատում է տալիս այլ սուվերեն պետության տարածքում գործող լրատվամիջոցին, մեղավորության բաժին ունեն նաեւ հայաստանյան իշխանությունն ու մեդիադաշտը, որոնք Զախարովայի «բերանն այդքան լեզու են դրել»՝ նրա բերանից դուրս եկած խոսքը հրապարակելու, էջում «բրնձած» ամեն մի միտք տիրաժավորելով, բրիֆինգների ժամանակ նրա կիքսերը չնկատելով եւ նրա գործունեությունը խոշորացույցի տակ չպահելով։ Իսկ ռուսական վարչակարգի հսկողությունից դուրս մնացած մեդիառեսուրսներում բազմաթիվ բացահայտումներ կան սույն տիկնոջ եւ նրա ղեկավարի մասին (արտերկրում բազմամիլիոն գույք եւ դրամական հաշիվներ, օֆշորային գործարքներ եւ այլն)։ Դրանք հայկական մեդիատարածքում չեն հրապարակվում՝ կեղծ գործընկերային կամ վասալական նվիրվածությունից ելնելով, ինչն էլ ներշնչել է Մարիա Զախարովային, որ ինքը ոչ միայն ռուսական, այլեւ հայկական մեդիատարածքը կարող է կառավարել եւ ուլտիմատումներ արձակել։
• Մարիա Զախարովան, ի վերջո, պրոդուկտն է իր ժամանակի եւ միջավայրի, այսինքն՝ այն վարչակարգի, որը ներկայումս գործում է Ռուսաստանում՝ իր գաղափարախոսական ողջ էությամբ հանդերձ։ Այսինքն, թե՝ Մարիա Զախարովան տիպիկ կրողն է պուտինյան Ռուսաստանում այսօր տիրապետող կայսերապետական մտայնությունների, որով Հայաստանը դիտվում է «ետնաբակ»՝ ֆորպոստ, իսկ հայկական լրատվամիջոցները՝ իրենց ենթակա ռեսուրսներ, որոնց հասցեին հնարավոր է նաեւ ուլտիմատումով խոսել։ Սա, ավելի պարզ ասած՝ այսօրվա ռուսական քաղաքական վերնախավի էությունն է, գաղափարախոսական հավատամքը, եւ Մարիա Զախարովան այլ կերպ պարզապես չէր կարող իրեն դրսեւորել, որովհետեւ իսկական ռուսական ոգին, նրբանկատությունն ու շրջահայացությունը հատուկ չեն այժմյան ռուսական իշխող վարչակարգին։
• Մենք սխալ ենք հասկանում ոչ միայն Մարիա Զախարովային, այլ նաեւ ներկայիս Ռուսաստանն ամբողջությամբ, ու այդ սխալ ընկալումով էլ սխալ վերաբերմունք ունենք ռուսական քաղաքական վերնախավի հանդեպ։ Մենք սխալ ենք հասկանում, որ Ռուսաստանը՝ որպես երկիր, այլ բան է, ռուսական պետականության, մշակույթի եւ ռուս մեծ ժողովրդի հետ միասին, իսկ ներկայիս ռուսական վարչակարգն այդ ամենի հետ քիչ կապ ունի եւ Տոլստոյի, Գոգոլի, Դոստոեւսկու, Չեխովի, Սոլժենիցինի, Պաստերնակի արժեքների կրողը չէ, ինչը նշանակում է, որ, օրինակ, սիրելով կամ հարգելով Ռուսաստանը որպես երկիր, ռուսական պետականությունը, ռուսական մշակույթը՝ թե՛ նախաքրիստոնեական եւ թե՛ ուղղափառ, պարտադիր չէ, որ սիրենք կամ հարգենք ռուսական գործող ներկայիս վարչակարգին։ Եվ մեզ բարեկամ կամ դաշնակից է ոչ թե ներկայիս վարչակարգը, այլ այն Ռուսաստանը, որի հետ աշխարհի առաջադեմ երկրներն աստիճանաբար կապը կորցնում են։
• Առավել քան վստահաբար կարելի է ֆիքսել, որ Զախարովան չէր համարձակվի այդպես ուլտիմատումային լեզվով խոսել, օրինակ, վրացական կամ ուկրաինական, կամ նույնիսկ ադրբեջանական, կամ առավել եւս թուրքական որեւէ լրատվամիջոցի մասին։
• Եվ, ի վերջո, սա միայն «Հրապարակի» դեմ արված ոտնձգություն չէ, ըստ էության, այլ ողջ հայկական լրատվադաշտի, քանի որ այսօր «Հրապարակն» է, վաղը կարող է լինել մեկ այլ լրատվամիջոց, եթե հիմա համարժեք պատասխան չի հնչում Հայաստանից, հետո դժվար կլինի դիմադրելը։
Hraparak.am