Մեր զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը

Պարոն Բալայան, Արցախի խորհրդարանն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է քննարկում, որի նպատակը Արցախում ոստիկանության զորքերի կազմավորում է՝ մասնակցելու երկրի պաշտպանությանը: Ինչո՞ւ նման փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ:

Իրականում ներկա չեմ եղել այդ քննարկմանը, բայց եթե դա վերաբերում է ներքին զորքերի թվակազմի լրացմանը, որը նպատակաուղղված է մեր անվտանգության համակարգի ապահովմանy, ապա այո, այդ տեսանկյունից կա նման անհրաժեշտություն:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ են նշանակելու։ ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքում է՝ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իրականացվող քայլերը:

Դա մի տեսակ հեքիաթային է հնչում: Անհնար է, որ Թուրքիան մեզ հետ առանց նախապայմանների խոսի: ՀՀ իշխանություններն անընդհատ ձգտում են դրան, բայց մի բան ակնհայտ է, որ Թուրքիան տարիներ շարունակ երեք պահանջ է դրել՝ Արցախի հարցը լուծել Ադրբեջանի օգտին, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վավերացնել և ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել ցեղասպանության ճանաչման պահանջից: Եվ հիմա հարց է առաջանում՝ եթե Թուրքիան ուզում է հարաբերություններ ձևավորել, հրաժարվե՞լ է այդ գաղափարներից: Հիմա հայտարարում են առանց նախապայմանների, բայց որևէ մեկը կհավատա՞, որ իրենք նախապայմաններից հրաժարվում են: Եթե դա լինի հավասարը հավասարի հետ, ուրիշ բան է, իհարկե, հարևան պետությունները պետք է նորմալ հարաբերություններ ունենան: Եվ դա շահեկան կլինի երկու երկրների համար, բայց եթե նման պայմաններում են լինելու այդ հարաբերությունները, ո՞ւմ է պետք:

ԱՄՆ նախագահ Բայդենը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ:

Դրանք բոլորը ողջունելի են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չենք տիրապետում տեղեկատվության: Դիվանագիտության հիմնական մասը ջրի ներքևում է լինում, մինչև ջրի երես դուրս գալը, այսինքն՝ մենք չգիտենք՝ ջրի տակ ինչ կա, ինչ խութեր, ինչ հարցեր կան: Այլապես կարող են հայտարարել, որ այս ամենը արվում է նրա համար, որ Հայաստանը ծով դուրս գալու հնարավորություն ունենա, նորմալ հարաբերություններ լինեն երկրների միջև, խաղաղությունը երկարատև լինի, առևտրային հարաբերություններ ձևավորվեն, իսկ այսպես կարող ես նայել, ասել՝ հա՜, դե նորմալ է, բայց դրա տակը կարող են այնպիսի բաներ լինել, որոնց մենք տեղյակ չենք և որոնք շատ վտանգավոր կարող են լինել:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն