Ինչպեսեւ սպասելի էր՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան փակ դռների հետեւում՝ կանխորոշված սցենարով։ Թերեւս միակ շեղումը մի խումբ ուսանողների ակցիան էր, ովքեր փորձեցին ճեղքել գիտխորհրդի դահլիճի փակ դռները, բայց՝ ապարդյուն, քանի որ անվտանգության աշխատակիցները, բառի բուն իմաստով, նրանց հետ շպրտեցին։ Այդ ժամանակ ուսանողների փոքրաթիվ խումբն ակցիան իրականացրեց հենց դահլիճի դռների մոտ՝ օդ նետելով «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը» թռուցիկները եւ բարձրաձայնելով, թե թույլ չեն տա ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակի վերածել։     

Արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Տարոն Մանուկյանը նշեց, որ իրենց պայքարը համակարգի դեմ է։ «Այս տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, որ բոլոր պետական հիմնարկները, որոնք պետք է սահմանադրորեն անկախ գործեն, հարմարեցնեն իրենց, դառնան իրենց կամակատարը, մի բան, որ հիմա կատարվում է մայր բուհում։ Ամենամեծ վտանգը ԵՊՀ-ի քաղաքականացումն է, հետագայում ամեն ինչ կատարվելու է, որպեսզի ուսանողի, դասախոսների ազատ խոսքը լռեցնեն։ Այս իշխանությունն ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար, նրանց համար սեփական աթոռն ավելի թանկ է հայրենիքից։ Այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել, դավաճանը տեղ չունի մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։ Պապիկյան Սուրենը դավաճան է, դավաճան քաղաքականության կրող եւ պարտության սիմվոլ»,-նշեց ԵՊՀ ուսանողն ու հավելեց, որ չնայած հիմա քիչ են, բայց դա պայմանավորված է զուտ կազմակերպչական հարցով, ֆակուլտետի եթե ոչ 100, ապա գոնե 99 տոկոսը կիսում է իրենց դիրքորոշումը։ 

Շուրջ 2 ժամ տեւած ընտրություններից հետո արդյունքների մասին լրագրողներին հայտնեց հենց ինքը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, հավանաբար հուզմունքից կամ շփոթմունքից հայտարարելով, որ իրեն կողմ է քվեարկել 19 հոգի, իրականում կողմ է քվեարկել 12-ը, դեմ՝ 5-ը, եւ եւս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Խորհրդի անդամ, ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը չթաքցրեց, որ Հ․ Հովհաննիսյանին դեմ քվեարկած անդամներից մեկն ինքն է․ «Ես եւ իմ ընկերները դեմ ենք քվեարկել այս ընտրություններին, եւ մեր արտահայտած դիրքորոշումը հիմնականում պայմանավորված է քաղաքական հանգամանքներով, թեպետ ես պետք է նշեմ, որ այս նիստի ընթացքում բազմիցս քննարկվեց այն հարցը, թե արդյոք խնդիր չե՞ն առաջացնի կուսակցական ներկայացուցիչները ԵՊՀ-ում, եւ բազմիցս լսեցինք այնպիսի խոստումներ, որ բուհը պետք է գործի եւ լինի ապաքաղաքական, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով փաստերը՝ մենք դեմ քվեարկեցինք»։ 

Ի՞նչ փոխվեց, որ 2 տարի շարունակ հայտարարելով, թե չի հավակնում ռեկտորի պաշտոնին, այդուհանդերձ, հավակնություն դրսեւորեց եւ դիմեց, Հ․ Հովհաննիսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հորդորեց ուշադիր լինել եւ մանիպուլյացիաների չենթարկվել, որովհետեւ 2 տարի առաջ ինքն ընդամենը ասել է, որ «այս պահին նման պլան չկա, հետագայում մարդկանց պլանները փոխվում են»։ Մասնավորապես ի՞նչը փոխվեց։ «Շատ բան փոխվեց, ես գտա անհրաժեշտություն, որ պետք է գամ Երեւանի պետական համալսարան»։ Ավելին՝ նորանշանակ ռեկտրը վստահ է, որ իր՝ ԵՊՀ-ում գտնվելը բավականին բարձրացնելու է մայր բուհի վարկը եւ հեղինակությունը։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ 2-րդ թեկնածուի հայտը չէր գրանցվել, Հ․ Հովհաննիսյանը նշեց, որ վերջնաժամկետից հետո են ստացվել Արծրունի Սահակյանի փաստաթղթերը։

Նա նաեւ նկատեց, որ ընտրության ընթացքում եղել են տարբեր ելույթներ, իրեն ուղղված բազմաթիվ հարցադրումներ, ներկաներն իրենից հետաքրքրվել են ԵՊՀ-ի ապագայով, թե ինչպես է պատկերացնում նոր կրթական ծրագրերը, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը, ինչ ռեֆորմներ է պատրաստվում անել։ Ինքն էլ նշել է, որ բուհի զարգացման հետ կապված՝ համալիր քայլեր է անելու՝ կրթական ծրագրերից մինչեւ լաբորատորիաների հիմնում, առողջապահական փաթեթի ձեռքբերում։

Հովհաննիսյանն ընդգծում է՝ պրոֆեսորադասախոսական կազմը բավականին լավ է տրամադրված․ «Ես ինքս եմ լավ տրամադրված, որովհետեւ իմ ջանքերը, գործողություններն ուղղված են իրենց միջավայրն ու մթնոլորտը բարելավելուն»։

Ինչ վերաբերում է իր ատենախոսությանն ու դրա շուրջ քննարկումներին, մասնավորապես գրագողության եւ պլագիատի մասով, Հ․ Հովհաննիսյանը նախընտրել է ոչ թե պարզաբանել, այլ միանգամից դատի տալ դրա մասին հրապարակում արած լրատվամիջոցին՝ «Երեւան թըդեյին»։

Ի պատասխան հարցին, թե տարիներ շարունակ ներկայիս իշխանությունը հայտարարում էր, որ ԵՊՀ-ն Սերժ Սարգսյանի «դուքյանն» է, հիմա էլ, երբ Պնախարարը խորհրդի նախագահն է, իսկ ինքը՝ բուհի ռեկտորը, ստացվում է, որ հիմա էլ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի «դուքյա՞նն» է, Հ․ Հովհաննիսյանն ասաց․ «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, բուհն ապաքաղաքական տարածք է»։ Մնում է տարակուսել․ եթե բուհն ապաքաղաքական տարածք է, հոգաբարձուների խորհրդում ի՞նչ գործ ունի Սուրեն Պապիկյանը, ով հանդիսանում է նաեւ ՔՊ վարչության նախագահը։   

Ինչ վերաբերում է Պնախարար Սուրեն Պապիկյանին, ապա նրան, որոշ ժամանակ անց՝ թիկնազորով շրջապատված, նորանշանակ ռեկտորի ուղեկցությամբ, վազեվազ իջեցրին աստիճաններով՝ ուղեկցելով մինչեւ ծառայողական մեքենան։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն