Որքան շատ չարություն ու ատելություն, այնքան լավ՝ սրանց իշխանական համակարգի համար
Այս իշխանությունների կողմից մեր երկրում անընդհատ, անդադար, ամեն վարկյան անասնացման և բարոյական անկման գործընթաց է իրականացվում։
Այսինքն՝ ժողովրդին, մեզ բոլորիս սրանք վերածում են ատելությունից խելագարված, սրանց ստերից լիարժեք բթացած մի հոտի, որը պատրաստ է պատառոտել առաջին պատահած մարդուն։
Եթե փորձենք վերլուծել, ապա իրականում իրավիճակը հետևյալն է։
Տեղի է ունենում խիստ հուզական և ագրեսիվ տեղեկատվության միտումնավոր տարածում, որի հետևում թաքնված է բոլորովին այլ՝ իրական և չափազանց վտանգավոր օրակարգ։
Օրինակ՝ արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում քննարկում են իշխանական պատգամավորների աննորմալ և, մեղմ ասած, ագրեսիվ պահվածքը, ինչպես նաև նույն Փաշինյանի կողմից նրանց «գժական» վարքագիծը ակտիվ խրախուսելու և արդարացնելու փորձերը։
Անկասկած, Հայաստանում իշխող թիմին անհրաժեշտ են կռիվ, հիստերիա, լարվածություն, քաոս և հասարակական բախումներ։ Որքան շատ չարություն ու ատելություն, այնքան լավ՝ սրանց իշխանական համակարգի համար։
Եվ սրանք այս համատեքստում մեծ ջանասիրությամբ գեներացնում են հակահայկական ատելություն և դրանով, մի կողմից, լցնում տեղեկատվական օրակարգը, իսկ մյուս կողմից՝ բառացիորեն խելագարության հասցնում հասարակությանը՝ մարդկանց թույլ չտալով անգամ շունչ քաշել։
Օրինակ՝ նկատե՞լ եք, որ իշխանությունը փաստացի, խորհրդարանի մակարդակով, Հայաստանի ինքնիշխանության գնով միջանցք է հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ այդ գործողությունն անվանելով «TRIPP համաձայնագրի վավերացում»։
Սակայն այդ մասին արդեն գրեթե ոչ ոք չի խոսում։
Ինչո՞ւ։
Որովհետև խորհրդարանում թավշիստները կատաղած հարձակվեցին ընդդիմության վրա, և այժմ հասարակությունը, փոխանակ պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր մեր երկիրը մաս-մաս հանձնում են ՝ միաժամանակ ծաղրելով մեզ և այդ ամենը երեսպաշտորեն անվանելով «Հայաստանի ինքնիշխանության պաշտպանություն», քննարկում են, թե ով և ինչպես է աթոռ նետել ծեծկռտուքի ժամանակ։
Հասկացե՛ք, Փաշինյանին և նրա թիմին մշտապես քաոս է պետք, հիստերիա է պետք, բախումներ են պետք։ Նրանց արյուն ու արցունք է պետք, վախ և ատելություն։
Որովհետև հենց որ հասարակությունը հանգստանա և սկսի սթափ ու կշռադատված գնահատել, թե ինչ են անում երկրի հետ Ալիևի և Էրդողանի այս մեծ բարեկամները, քաղաքական գործընթացները կարող են ընթանալ բոլորովին այլ հունով։
Իշխանություններին անհրաժեշտ է մշտապես ապամարդկայնացնել հասարակությանը, քաղաքական բանավեճը վերածել հուզական աղբակույտի և մարդկանց իրար դեմ հանել։
Չէ՞ որ հանգիստ, մտածող և վերլուծող հասարակության մեջ կառավարման նման մեթոդները պարզապես չեն գործի։
Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի իշխանությանը չափազանց անհրաժեշտ է պետությունը հասցնել բարոյական լիակատար փտախտի։
Այլապես, Հայաստանում նրանց տեղ չի մնա։






































