ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Սավաննա-Ռիվեր միջուկային համալիրի լաբորատորիայում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։

Ավելի վաղ News 12 հեռուստաալիքը հայտնել էր ԱՄՆ էներգետիկայի նախարարության Սավաննա-Ռիվեր միջուկային համալիրի լաբորատորիայում բռնկված հրդեհի մասին՝ նշելով, որ այն հանգեցրել է ռադիոակտիվ նյութերի արտանետման։ Համալիրի վարչակազմը հայտարարել է, որ հրդեհը մարվել է, իսկ ռադիոլոգիական չափումները չեն հայտնաբերել աղտոտվածության արձանագրվող մակարդակներ։

«Հարավային Կարոլինայի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ տուժածը միջուկային համալիրի աշխատակից է, որը տեղափոխվել է հիվանդանոց։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շուրջ 800 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Սավաննա-Ռիվեր միջուկային համալիրը Սառը պատերազմի տարիներին օգտագործվել է ԱՄՆ-ի միջուկային զինանոցի համար զենքi պլուտոնիում-239 և տրիտիում արտադրելու նպատակով։

Ներկայումս համալիրը մասնագիտացած է ռադիոակտիվ թափոնների պահպանման և հեռացման, ինչպես նաև միջուկային զսպման ուժերի կարիքների համար տրիտիումի պաշարների պահպանման գործում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ