Առանց աշխատավարձի վերանայման կրթությունը չի կարող տեղից շարժվել
Ավտոբուսի վարորդների գործադուլը նորից օրակարգ բերեց ուսուցիչների, դասախոսների աշխատավարձի հարցը։ Գաղտնիք չէ, որ դպրոցները և համալսարանները հանրային մեծ քննադատության տակ են աշխատում։ Հասարակության լայն շերտերը բողոքում են դպրոցներից ու համալսարաններից։ Միջինում Հայաստանի ուսուցիչները ստանում են 70-80 հազար դրամ (հարկերը հանած), իսկ գիտությունների թեկնածու, դոցենտի աշխատավարձը 150 հազար դրամի սահմաններում է։ Ավտոբուսի վարորդի 260 հազար դրամ աշխատավարձը համադրելի է համալսարանի դոկտոր, պրոֆեսորի աշխատավարձի հետ։ Իհարկե, ավտոբուսի վարորդները շատ ծանր ու կարևոր աշխատանք են անում։ Եվ ոչ ոք չի ասում, որ պետք է նվազեցնել նրանց աշխատավարձը։ Բայց խնդիրն այն է, թե ինչո՞ւ այսքան հետ մնաց կրթության ոլորտը։
Ցավալին այն է, որ ուսուցիչների, դասախոսների աշխատավարձի բարձրացման, ավելի շուտ՝ ինդեքսացիայի մասին այլևս խոսք չկա։ Մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ամեն տարի աշխատավարձերը չբարձրացվեն, ապա մենք որևէ շանս չունենք կրթության ոլորտում հաջողության հասնելու։ Ուսուցիչներին առաջարկում են քննություն հանձնել և ստանալ 30-50 հազար դրամ աշխատավարձ, իսկ դասախոսներին՝ հոդված գրել և ստանալ հավելավճար։ Երկու դեպքում էլ արհամարհված է դասավանդման գործընթացը։ Դասախոսը կարող է հանգիստ ձախողել դասավանդումը, քանի որ գնահատվում է հոդված գրելը։ Ուսուցիչն էլ կարող է հետաքրքիր դասեր վարելու փոխարեն՝ անգիր անել դպրոցական դասագրքերը և դիմել կամավոր ատեստացիայի։
Կրթության համակարգում երկու հիմնարար արժեքներ անտեսված են՝ պրոֆեսիոնալիզմը և հումանիզմը։ Առանց այս երկու արժեքի, մենք չենք կարող առաջ գնալ։ Քանի որ Հայաստանում ուսուցիչներն ու դասախոսները ցածր են վարձատրվում, տեղի է ունենում հետևյալը։ Նախ, ոլորտ գալիս են մարդիկ, որոնք ոչ մի մասնագիտական հավակնություն չունեն։ Այսինքն՝ իրենց պետք է պարզապես դասավանդել, ունենալ աշխատանք։ Այս խմբում մեծ թիվ են կազմում այն մանկավարժները, որոնք առանձնապես ֆինանսական խնդիրներ չունեն։ Նրանց ամուսինները, զավակները, ծնողները, եղբայրներն ու քույրերը լավ են վաստակում, ինչի արդյունքում նրանք առանձնապես չեն մտահոգվում աշխատավարձի մասին։ Երկրորդ, ոլորտ գալիս են մարդիկ, որոնք դասավանդումը համատեղում են այլ աշխատանքների հետ։
Օրինակ՝ կրկնուսույց, պաշտոն, փորձագիտական աշխատանքներ։ Այսինքն՝ ունենք շատ վտանգավոր իրավիճակ։ Ուսուցիչների մի զգալի մասը ոչ մի մասնագիտական ամբիցիա չունի, ոչ էլ պատրաստվում է պայքարել աշխատավարձի բարձրացման համար։ Մյուս խումբն էլ գտել է եկամտի համեմատաբար լավ աղբյուր, և ուսուցչի, դասախոսի աշխատանքը կատարում է՝ որպես երկրորդական աշխատանք։ Ակնհայտ է, որ կրթության ոլորտում ունենք ապապրոֆեսիոնալացում։
Իշխանության համար սա ձեռնտու է, քանի որ գործադուլներ, աշխատավարձի բարձրացման պահանջներ չկան։ 260 հազար դրամ ստացող վարորդն ասում է, որ ինքը չի կարող փլավ ուտելով մեքենա վարել, իսկ 70-80 հազար ստացող ուսուցիչն ու 150 հազար ստացող դոցենտը լուռ են։ Թեև ապացուցված է, որ դասավանդումը ամենաշատ էներգիա պահանջող աշխատանքներից մեկն է։ Մանկավարժները հարմարվել են և յոլա են տանում։ Այստեղ տուժում են երեխաները և երկրի ապագան։
Ներկայումս նախարարությունը նախապատրաստում է ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ, պատրաստվում է տնօրեններից որակ պահանջել։ Բայց ապապրոֆեսիոնալացված միջավայրում ինչպե՞ս կարող են մասնագիտական ստանդարտներ գործել։ Ինչպե՞ս է դպրոցի տնօրենը որակ ապահովելու, եթե ուսուցիչների մեծ մասը հարմարվել է իրավիճակին, հոգնել է բարեփոխումներից և երազում է, որ իրեն հանգիստ թողնեն։
Կա այսպիսի հասկացություն. վարժեցված անօգնականություն։ Դա այն իրավիճակն է, երբ քեզ աջակցություն է պետք, բայց ոչ ոք չի օգնում։ Տարիներ շարունակ ուսուցիչներն ուզում էին, որ իրենց նորմալ վճարեն, բարձրակարգ մասնագիտական աջակցություն ցույց տան։ Բայց այդ ամենը չեղավ։ Եվ ուսուցիչները վարժվեցին, որ իրենց մասին ոչ ոք չի մտածելու, հոգ չի տանելու։ Վարժեցված անօգնականությունը շատ վատ հոգեվիճակ է։ Այդ հոգեվիճակում գտնվող մարդիկ ոչ պայքարում են, ոչ ձգտում, ոչ փոխվում։ Նրանք պարզապես ցանկանում են, որ իրենց չանհանգստացնեն տարբեր նորամուծություններով։
Խնդիր է նաև այն, որ տարեցտարի ավելացել է ուսուցիչների բեռը։ Մեկ դրույքը 18-ից դարձավ 22 ժամ։ Ներդրվեց ներառական կրթությունը, որը դժվարացրեց ուսուցչի աշխատանքը։ Պետք է տիրապետես տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինչը նույնպես լրացուցիչ աշխատանք է պահանջում։ Ուսուցիչները ներքաշվեցին ընտրական գործընթացներում։ Երկրում արժեզրկվեց սովորելը։ Ազգային ժողովը դարձել է պարբերական ծեծկռտուքների և հայհոյանքի թատերաբեմ՝ ի ցույց դնելով նախորդ տարիների կրթության բացերը և ազդանշան տալով, թե ինչքան վատ կարող է լինել մեր ապագան։
ԿԳՄՍ նախարարությունը պետք է այս իրավիճակը ներկայացնի վարչապետին, ֆինանսատնտեսական ոլորտի պատասխանատուներին։ Կամավոր ատեստացիայի ճանապարհով համակարգում միջավայր չի փոխվի։ Ոլորտում ապատիա է, անտարբերություն։ Այս ամենն էլ ավելի սրվեց պատերազմում պարտվելուց հետո։ Բոլորը պետք է ձգեն իրենց գոտիները, որպեսզի գումարները հոսեն կրթության ոլորտ։ Պետք է բարձրացնել աշխատավարձերը և զուգահեռաբար պահանջել որակի բարձրացում։
168.am