Կառավարությունը նախատեսում է լուծարել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, ուսումնական ռեսուրսը բաժանել երկրում գործող բուհերի միջև, իսկ շենքը՝ վաճառել։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու համար 24News-ը կապ հաստատեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ։ Վերջինս նախ հետաքրքվեց․ «Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկությունը, ի՞նչ աղբյուրներ», իսկ հետո հորդորեց մեր աղբյուրներից էլ ճշտել այն։

Մելիքբեկյանը հրաժարվեց մեկնաբանել համալսարանի հետ կապված այս տեղեկությունը, նույնիսկ հրաժարվեց հերքել կամ հաստատել։ «Երբ այդպիսի որոշում լինի, կհայտարարենք», - ասաց նա։

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը հրաժարվեց ասել՝ եղե՞լ է այս թեմայով քննարկում, թե՞ ոչ։ «Եթե այդպիսի որոշում լինի, գաղտնի չի մնալու», - ընդգծեց նա։

ՀՊՄՀ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը 24News-ին ասաց, որ համալսարանը լուծարելու և վաճառելու մասին այս տեղեկությունն իրեն հայտնի չէ, նույնիսկ այս թեմայով քննարկում չի եղել։ «Գիտե՞ք, նման խոսակցություններն արդեն 10 տարի շրջանառվում են, բայց, ինչպես տեսնում եք, մեր շենքը կայուն է, համալսարանը գործում է», - հավելեց նա։ 

Ի դեպ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է, ով այս պաշտոնին հաստատվել է այս տարվա նոյեմբերի 6-ին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն