Լույս է տեսել «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը
Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի միջոցով փորձ է արվում առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրք-ալբոմում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Մատենադարանում, ընդգրկված են 20 ձեռագրից մոտ հարյուր մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը:
Իվեթ Թաջարյանը գրքի վրա աշխատել է երեք տարի: Նա նշեց, որ եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն գիրք-ալբոմում ներկայացված նկարազարդ ձեռագրերն ու ինքնատիպ կազմերը այդ Ղաջարական շրջանին բնորոշ առանձնահատկություններ ունեն:
«Այն և՛ գիտական է, և՛ հանրամատչելի գիրք է: Նպատակը ոչ միյան գիտնականների համարշ գիրք հրատարակելն էր, այլև սովորական ընթերցողների: Մատենադարանում պահվող նկարազարդ աշխատանքները գեղեցկացնում են գրքի տեքստն ու ընթերցողներին հնարավորություն տալիս ավելի պատկերավոր պատկերացում կազմել Ղաջարական ժամանակաշրջանի մասին, երբ Իրանն ավանդապաշտությունից ու ազգային սովորույթներից անցում էր կատարում եվրոպականին: Վիճահարույց շրջան էր, և անգամ այժմ պատմաբանները միանշանակ չեն խոսում այդ շրջանի մասին, որովհետև Իրանը հեռանում էր պարսկական, միջնադարյան մատենագրությունից»,-պատմեց Թաջարյանը:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շեշտեց, որ Հայաստանի և Իրանի միջև մշակութային ընդհանրությունները մեզ պարտավորեցնում են ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր մշակութային հարաբերություններին: Նրա խոսքով՝ որպեսզի ժողովուրդները կարողանան հաջորդ սերունդներին ճիշտ ներկայացնել մեր արժեքները, պետք պահպանեն ու հանրահռչակեն պատմությունը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ հիշեցրեց է, որ «Իրանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում գիրք-ալբոմի շնորհանդեսը Մատենադարանի և դեսպանատան համատեղ երրորդ միջոցառումն է: «Միջոցառումների մեկնարկը տրվեց Ղաջարական շրջանի ձեռագրերի կազմերի վերականգնման ծրագրով, որի համար Իրանից հատուկ մասնագետ էր ժամանել Հայաստան, հետո շարունակվեց Ղաջարական շրջանի մշակույթը ներկայացնող ցուցահանդեսի բացմամբ»,-ասաց մշակութային կցորդն ու հավելեց՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լրանում է 2022-ին, ուստի միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու:
«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գրքի հայերեն տեքստի խմբագիրը Քրիստինե Կոստիկյանն է, սրբագրիչը՝ Արմինե Գրիգորյանը, անգլերերն տեքստի խմբագիրը Սոնա Բալոյանն է, սրբագրիչը՝ Լուսինե Մինասյանը, պարսկերեն տեքստի խմբագիրը Մարիամ Ֆաքուրյանն է, ձևավավորումը՝ Անահիտ Խանզադյանի, լուսանկարիչ՝ Գրետա Գասպարյան, հրատարակչական խմբագիր՝ Հայկ Համբարձումյան:
Գիրք-ալբոմը հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ:
Տպագրությունն իրականացվել է «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, որի հիմնադիր Գայանե Գևորգյանին Մատենադարանի կողմից մեդալ շնորհվեց ցուցաբերած աջակցության և հայ մշակութային ժառանգությանը նվիրված աշխատանքներին օժանդակելու ու հանրահռչակելու համար:
Tert.am