Պաղեստինյան արմատականների կողմից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման դեպքում Իսրայելի պատասխանը շատ հզոր կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Երուսաղեմում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո համատեղ ելույթի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը և հարձակվի Իսրայելի վրա, մեր պատասխանը կլինի շատ հզոր»,-ասել է Նեթանյահուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկյան դիվանագիտության ղեկավարին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելու համար»:

«Ինչ վերաբերում է բուն խաղաղությանը (պաղեստինցիների հետ), ֆորմալ խաղաղության հաստատմանը, նախագահ Բայդենը միանգամայն իրավացի է, երբ ասում է, որ խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել նախքան Իսրայելի ճանաչումը որպես անկախ հրեական պետություն: Դա (հակամարտության լուծման) բանալին է»,-ավելացրել է նա:

«Մենք քննարկել ենք Գազայում պաղեստինցիների կյանքի պայմանների բարելավման հարցը, ներառյալ մեր 2 զոհված զինծառայողների և այնտեղ գտնվող 2 խաղաղ բնակիչների մարմինները վերադարձնելու, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին միջազգային համագործակցությամբ և մասնակցությամբ տնտեսական աճ ստեղծելու հարցը»,- շարունակել է վարչապետը:

 «Մենք շատ աշխատանք ունենք. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն»,-հավելել է նա՝ նշելով, որ հրեական պետությունը և Միացյալ Նահանգները «պետք է միասին աշխատեն Իսրայելի և արաբական և մահմեդական աշխարհի միջև հարաբերությունների բարելավման համար»:


Մյութը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն