Խորհրդային տարիներից՝  նախորդ դարի յոթանասունականներից, դպրոցներում ուսուցանվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան։ Տասնամյակների ընթացքում առարկայի անվանումը, բովանդակային որոշ կետեր փոփոխվել են, բայց  44-օրյա պատերազմից հետո չափորոշիչները հիմնովին վերանայելու խնդիր է դրվել։ Նոր սերնդի պատերազմներ, նորագույն զենքեր, վարժական նոր հնարքներ․ արդեն մշակված նոր չափորոշիչների մասին «Ռադիոլուրը» զրուցել է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան-հիմնադրամի փոխտնօրեն, «ՆԶՊ առարկա, նոր չափորոշիչներ» նախագծի փորձագետ Արթուր Կարապետյանի հետ։

Պատերազմից հետո պարզ դարձավ՝ անհրաժեշտություն կա փոխել ռազմագիտություն առարկայի բովանդակությունը, ուսուցման մեթոդներն ու մոտեցումները։ Եթե նախկինում առարկայի ուսուցման 70%-ը տեսական նյութեր էին, ապա մշակված նոր չափորոշիչներով՝ առարկայի ուսուցման գերակշիռ մասն իրականացվելու է  գործնական պարապմունքների միջոցով՝ կամ տվյալ դպրոցին կցված զորամասի տարածքում, կամ ռազմամարզական ճամբարներում։  Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան-հիմնադրամի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն է պատմում «Ռադիոլուր»-ին՝ հատկապես պատերազմից հետո առարկան վերանայելու անհրաժեշտության մասին։

«Փոխելու անհրաժեշտությունը հասունացել էր․ մեր տարածաշրջանում այս պահին էլ առկա իրավիճակը, մեզ ստիպում է հիմնովին վերանայել դպրոցներում դասավանդվող այս առարկան։ Պատերազմը՝ որպես այդպիսին, որակապես լրիվ փոխվել է՝ մարտավարությունը, հնարքները, և պետք էր ՆԶՊ առարկայի բովանդակային մասը փոխել ու շատ բաներ ավելացնել։ 44-օրյա պատերազմից հետո ծրագիրը նորից փոփոխության ենթարկեցինք, ծրագրում նոր թեմաներ ավելացրինք, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, մոբիլ ջոկատների մասին»,-ասում է Արթուր Կարապետյանը։



Արթուր Կարապետյանը «ՆԶՊ առարկա, նոր չափորոշիչներ» նախագծի փորձագետ է։ Նրա խոսքով՝ առարկայի ճիշտ և ժամանակին համընթաց նյութերով և գործնական պարապմունքներով ուսուցումը կարևոր է, թեպետ առարկան հայկական դպրոցներում նոր չէ։ Կարապետյանը պատմում է՝ դեռ 1963 թվականին, երբ լուսավորության նախարարությունը հաստատեց առարկայի դասավանդումը, այն անմիջապես մտավ նաև հայկական դպրոցների ուսումնական պլան։ Անկախությունից 2 տարի անց՝  1993-ին, դպրոց մտավ ռազմագիտություն առարկայի առաջին հայերեն դասագիրքը։ 1999-ին էլ առարկայի դասավանդումը ստացավ հատուկ կարգավորում՝ պաշտպանական  և կրթական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրամանով, քանի որ առարկայի ուսուցիչները բանակի պահեստային սպաներ էին։ Նոր չափորոշիչները մշակելիս հաշվի է առնվել ոչ միայն հետխորհրդային երկրների փորձը, այլև ուսումնասիրվել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դպրոցների օրինակները՝ հասկանալու համար, թե ռազմական կրթությունը ինչ նոր մեթոդներով է իրականացվում  աշխարհում․

«Նոր ծրագրում 70% գործնական պարապմունքներ են։ Թեմաները փոփոխել ենք հիմնովին՝ դրանց նոր նշանակություն տալով։ Օրինակ՝ մարտավարություն թեման նոր նախագծով կոչվում է մարտաֆիզիկական պատրաստվածություն, որն ամբողջովին հիմնված է գործնական պարապմունքների հիման վրա։ Ռազմամարզական ճամբարներում աշակերտները պետք է լիովին տիրապետեն նորագույն պատերազմներում զինվորի տեղաշարժի հնարքներին, նաև ռազմատեղագրության չափումներ պետք է իրականացնեն՝ ամբողջովին դաշտային պայմաններում, եթե գյուղական դպրոց է, պարզ է՝ հարմար տարածքում, եթե ոչ՝ կցված զորամասում կամ ռազմամարզական ճամբարում»,-ասում է Կարապետյանը։



Ռազմագիտություն առարկայի՝ նոր չափորոշիչներով ուսուցումը նպատակ ունի տարիներ անց բանակում տեսնել արդեն իսկ գործնական և տեսական գիտելիքներ ունեցող զինվորների, սպաների՝ ասում է Արթուր Կարապետյանը։

«Դպրոցական այդ շրջանը հենց նախազորակոչային տարիքն է և մենք նպատակ ունենք տղաներին հստակ պատրաստել արդյունավետ բանակային կյանքի։ Ինչ վերաբերում է աղջիկներին, ասեմ, որ նոր չափորոշիչներով դասընթացում ներառված են արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ, օրինակ առաջին բուժօգնություն, անվտանգ կենսագործունեություն և այլն, որը պակաս կարևոր չէ»,-ասում է Արթուր Կարապետյանը։

Առարկայի նոր ծրագիրը փորձարկվում է դեռևս միայն Տավուշի հանրակրթական դպրոցներում։ Արթուր Կարապետյանի խոսքով՝ 2022-ի ամռան ամիսներին այստեղ ռազմամարզական ճամբար կգործի մարզի շուրջ 1000 աշակերտների համար։ Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա՝ ասում է զրուցակիցս՝ համոզված, որ  առաջիկայում ռազմական կրթության այս նախագիծը կմտնի հանրապետության բոլոր դպրոցներ, իսկ արդյունքները կտեսնենք բանակում։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն