Տարիներ շարունակ մենք՝ իշխանություններին ընդդիմադիր հայացքներ ունեցողներս, ապշում էինք, թե ինչ անտարբերությամբ են միջազգային կառույցները հետեւում, թե Հայաստանում ինչպես են կեղծվում ընտրությունները, ոտնահարվում մարդու իրավունքները, ցրում միտինգները, բերման ենթարկում մարդկանց։ Ընտրություններից հետո վրդովվում էինք «ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանում են միջազգային չափանիշներին, դրանք մի քայլ առաջ էին» կեղծ ձեւակերպումներից։ Ընտրություններն ամփոփող եվրոպական դիտորդների ասուլիսներում անգամ միջադեպեր էին գրանցվում՝ քաղհասարակության ներկայացուցիչներն ակցիաներ էին անում։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները յուրաքանչյուր եվրոպական կոնֆերանս ու նիստ օգտագործում էին ՀՀ իշխանությունների դիմակը պատռելու եւ իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է այսօրվա ընդդիմությունը հրաժարվի նման գործելաոճից եւ եվրոպաներում սազը ձեռքը վերցնի ու ամեն օր մարդու իրավունքները ոտնահարող, երկիրն աղետի հասցրած, օրենքներն իր քիմքին համապատասխանեցնող իշխանություններին գովերգի կամ նրանց օգտին հրապարակվող կեղծ զեկույցներին կողմ քվեարկի։ Ի վերջո՝ ի՞նչ է փոխվել։ Մոռացե՞լ եք՝ ինչպես էր նախկին ընդդիմությունը ԵԽ բարձր ամբիոնից խոսում Սերժ Սարգսյանի՝ կազինոներում վատնած փողերի մասին՝ որեւէ ապացույց չունենալով։ Կամ՝ ելույթ ունենալու բոլոր հնարավորություններն օգտագործում, որպեսզի ներկայացնի, թե ինչ բռնապետություն է տիրում Հայաստանում, եւ ինչքան վատն են ՀՀ իշխանությունները։ Այնպես որ, ԵԽ զեկույցին դեմ քվեարկած Հայկ Մամիջանյանին հանգիստ թողեք։ Ընդդիմության գործը բոլոր հնարավոր վայրերում եւ առիթներով իշխանությունների դիմակը պատռելն է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն