Երկու փաստ

Փաստ առաջին

1992 թվականին Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ Այնուհետև պարբերաբար փորձել է նախաձեռնել, և իբր գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների, սակայն մշտապես հրաժարվել է շարունակել գործընթացը։

Ի՞նչն է պատճառը…

Պատճառը մեկն է.

Թուրքիան իրականում ու փաստացի ձգտել է, որպեսզի Հայաստանն ապահովի երկու նախապայմանների կատարումը.

առաջին՝ հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու պետական քաղաքականությունից, և ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում,

երկրորդ՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականությունից։

Բնականաբար, հայկական կողմը երբեք չի համաձայնվել կատարել այդ նախապայմանները։ Հետևաբար, գործընթացը կանգ է առել, և չի շարունակվել։

Ի՞նչ է կատարվում այսօր…

Թուրքիան ինչու՞ է կրկին նախաձեռնել, կամ համաձայնել բանակցել հայկական կողմի հետ։

Հաշվի առնելով նախորդ ընթացքը, տեսականորեն հնարավոր է հիմնական երեք տարբերակ։

Տարբերակ առաջին.

Թուրքիան հրաժարվել է նախկինում իր իսկ առաջադրած վերը նշված նախապայմաններից, և իրականում գնում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Սակայն, իրողությունն ու փաստն այն է, որ թուրքական կողմի հայտարարությունները և ագրեսիվ վարքագիծը հաստատում են ճիշտ հակառակը՝ և’ Արցախի հարցով, և’ ցեղասպանության ճանաչման մասով։ Ավելին՝ նույնիսկ բացեիբաց հայտարարել են 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, այն է՝ Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու իրենց հանձնառության մասին (Էրդողանն այդ մասին ուղղակի հայտարարել է Շուշիում) : Բացի այդ, նախկինում նշված երկու նախապայմաններին վերջերս ավելացել է ևս մեկը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման քողի տակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն ու տրամադրումը թուրքական կողմին։

Հետևաբար, ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել, և այս տարբերակը բացառված է

Տարբերակ երկրորդ.

հայկական կողմը ներակայացնողները չեն հրաժարվել, կամ չեն խոստացել հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից, և փորձում են թուրքական կողմի հետ բանակցել, որպեսզի կարգավորումն ընթանա իրոք առանց նախապայմանների։ Սակայն, իրողությունն ու փաստն այն է, որ հայկական կողմն այսօր ներկայացնողների բացահայտ թրքանպաստ հռետորաբանությունը ( «…հայկական տարածքները հայկական չեն, կամ վիճելի են…», և այլն) վարվող քաղաքականությունը, վարքագիծը, դիրքորոշումներն ու հայտարարությունները հաստատում են ճիշտ հակառակը։ Հետևաբար, այս տարբերակը նույնպես բացառվում է։

Տարբերակ երրորդ.

հայկական կողմը ներկայացնողները հրաժարվել են, կամ խոստացել են հրաժարվել շարունակելու վերը նշված հարցերում նախկինում որդեգրած պետական քաղաքականությունը, նաև՝ խոստացել են համաձայնվել ու տրամադրել «Զանգեզուրի միջանցք»-ը։

Այսինքն, հայկական կողմը ներկայացնողները խոստացել են.

առաջին՝ հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու պետական քաղաքականությունից,

երկրորդ՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականությունից,

երրորդ՝ տրամադրել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։

Հաշվի առնելով, որ հայտնի չէ տվյալ տարբերակը հերքող որևէ փաստարկ, կամ գործողություն, ապա փաստացի մնում է այս՝ ամենաողբալի տարբերակը։

Փաստ երկրորդ

Անհրաժեշտ է տեղյակ լինել նաև այսպես կոչված՝ «սահմանը բացելու», և դրա հետ կապված՝ իբր էժան ապրանք ներմուծելու հետ կապված ակնհայտ խաբկանքին։

Առանց մանրամասնելու, և մասնագիտական խորխորատներում խճողելու…

«Սահմանը բացել» ամենևին չի նշանակում ազատ առևտրի ռեժիմի սահմանում և «էժան ապրանք»՝ երբե’ք, և ոչ մի առումով, առավել ևս՝ Թուրքիայի պարագայում։

Բանն այն է, որ ի թիվս բազմատեսակ ու բազմաթիվ հարյուրավոր այլ խնդիրների, և առկա խոչընդոտների՝ Հայաստանը ԵԱՏՄ մաքսային միության անդամ երկիր է, իսկ Թուրքիան՝ 1995 թվականից՝ Եվրոպական մաքսային միության անդամ։ Հետևաբար, տվյալ աշխարհաքաղաքական իրադրությունում ( մասնավորապես՝ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների այս պայմաններում ) տեսանելի ապագայում գործնականում, միջազգային իրավական եղանակով բացառված է Հայաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի ( ասել է թե՝ առանց մաքսատուրքերի, և առանց տեխնիկական խոչընդոտների ) ռեժիմի սահմանումը։ Ոչ ԵԱՏՄ-ն, ոչ Եվրոպական մաքսային միությունը չեն կարող Հայաստան-Թուրքիա սողանցքով ապահովել միմյանց միջև ազատ առևտրի ռեժիմի գոյությունը։ Դա պարզապես անհնարին է։ Այն տեսականորեն կարող է իրականություն դառնալ միայն մեկ դեպքում՝ եթե ԵԱՏՄ-ն և Եվրոպական Մաքսային միությունը կնքեն այդ ռեժիմի սահմանումը հնարավոր դարձնող որևէ համաձայնագիր։

Հետևաբար, պետք է տեսանելի ապագայում մոռանալ նաև «…սահմանը բացելու դեպքում էժան թուրքական ապրանքի» մասին, որովհետև այն հերթական մանիպուլյատիվ հնարքն է։

Եթե թուրքական ապրանքն մինչ այսօր էժան է եղել, ապա դա հետևանքն է այն բանի, որ դրանք ներմուծվում են, որպես անձնական բեռ, կամ այլ ճանապարհով, որովհետև Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն չունի արտաքին տնտեսական հարաբերությունները կանոնակարգող որևէ երկկողմ, կամ բազմակողմ փաստաթուղթ, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության ձևաչափով։

Հարաբերությունները կարգավորելու պայմաններում՝ դրանք առավել թանկ են լինելու՝ մաքսատուրքեր, քվոտաներ, լիցենզիաներ, ԵԱՏՄ կարգավորումներ, արտահանման սուբսիդիաների սահմանափակումներ, և այլն։

Այնպես որ՝ ամենադաժան հիասթափություն է սպասվում.

«Այսօրվա թուրքն առաջվա թուրքը չէ», և

«Թուրքիայի սահմանը բացենք՝ լավ ապրենք…» մանիպուլյատիվ թեզերով կերակրվողներին։

ՀԳ

Հատուկ՝ պարբերաբար հիշողության կորուստ ունեցողների և անտեղյակների համար.

1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պետական քաղաքականություն վարել է նույնիսկ Սովետական Հայաստանը, և դրա ամենավառ ապացույցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գոյությունն է։

2. Պատմական փաստ է նաև, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է ղեկավարներ, որոնք նույնիսկ Ստալինի օրոք պայքարել են ոչ միայն Արցախը, այլև` Արևմտյան Հայաստանը վերադարձնելու համար, քանզի գերհզոր պետության դեպքում դա առավել իրատեսական է թվացել:

Slaq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն