Փաշինյանի նկարը պետք է ոչ թե պատից կախեն, այլ դեմը մոմ վառեն ու խունկ ծխեն
Գիտե՞ք որն է Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը՝ նա պատմության խորխորատներից պեղում գտնում է մարդկանց, որոնց հասարակությունը մոռացել էր ու բերում՝ բարձր պաշտոնների դնում։
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե 2018 թվականի հեղափոխությունը չլիներ եւ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը գենետիկ ատելություն չտածեր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, ի՞նչ տեսք կունենար ՀՀ կառավարությունը եւ Ազգային ժողովը։ Այդ ատելությունը եւ նախկինների վրա ամեն ինչ բարդելու քաղաքականությունն այնքան նեղացրին կադրեր ընտրելու եւ առաջ քաշելու ամպլիտուդը, որ եկանք հասանք «պլինտուսին»։
Մի կողմից 90-ականների ոչ այնքան մերժված իշխանություններ եւ լեւոնական կադրեր, մյուս կողմից՝ անփորձ ու հիմնականում անգրագետ մասսա՝ ահա Նիկոլ Փաշինյանի կադրային բանկը։ Ասենք, որտե՞ղ կլիներ եւ ո՞վ կհիշեր, օրինակ, Անդրանիկ Քոչարյանին, Վիգեն Խաչատրյանին, Կարեն Անդրեասյանին, Գագիկ Ջհանգիրյանին, նույն՝ Վահագն Խաչատրյանին կամ Գուրգեն Արսենյանին, եթե Նիկոլ Փաշինյանը նրանց չհիշեր՝ փոշին վրաներից թափ չտար ու չբերեր դներ ամենակարեւոր պոստերում։
Այս բոլոր անձանց միավորում է մի կարեւոր հատկանիշ՝ նրանք երբեք չեն քննադատել 18-ից հետո գործող իշխանություններին, լռել են կամ գովերգել։ Բոլոր նրանք, ովքեր 18-ից հետո քննադատական խոսք են ասել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անգամ եթե բարձր պրոֆեսիոնալներ են, ոչ մի առաջարկ չեն ստացել, ոչ մի պաշտոնի կամ կարգավիճակի չեն արժանացել։ Նիկոլ Փաշինյանն անողոք է իրեն քննադատած անձանց նկատմամբ։
Երկրորդ հատկանիշը․ նրանց բոլորին միավորում է նախկինների հանդեպ ատելությունը՝ նրանց մեծ մասը խնդիրներ են ունեցել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարիներին։ Մեկին, կամ իր մերձավորներին, հալածել են, քրեական գործեր հարուցել, ստուգումներ ձեռնարկել նրա հետ կապված կազմակերպությունների ու բիզնեսների դեմ, երբեմն խլել են այդ բիզնեսները, ինչպես Խաչատուր Սուքիասյանի պարագայում։ Մյուսին՝ աշխատանքից են ազատել, երբեմն՝ անարդարացիորեն։ Երրորդը գործազուրկ է եղել՝ գրեթե չքավորության եզրին հասած եւ իր տարիների պարապության ու սոցիալական դժվարությունների համար մեղադրում է նախկին նախագահներին, որոնք նույնպես՝ օտար եւ յուրային էին անում ու ոչ բոլորին էին հանդուրժում։ Չորրորդն ուղղակի անընդունակ է եղել աշխատելու եւ տարիքն էլ իր դերը խաղացել է ու շատ էլ չեն ձգտել աշխատել՝ համարելով, որ իրենց դարն անցել է։
Եւ այս բոլոր կիսատ-պռատ, անկարող ու ծույլ, սեւեռումներ ունեցող, հանուն փողի ու պաշտոնի ցանկացած մեկին ծառայելու պատրաստ մարդկանց Նիկոլ Փաշինյանը պաշտոն է տվել, եկամտի տեղր դարձրել։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս մարդիկ ինչքա՜ն են երախտապարտ Փաշինյանին։ Սրանք ոչ թե նրա լուսանկարը պետք է կախեն իրենց առանձնասենյակներում, պետք է սրբապատկերի նման մագաղաթի վրա փորագրեն, դեմը մոմ վառեն, խունկ ծխեն ու ամեն օր աղոթեն նրա արեւշատության համար։
Եւ այս մարդկանցից մեկը, որը 1999 թվականից գործազուրկ Վահագն Խաչատրյանն է եւ որի աստեղային ժամը եղել է 1992-96 թվականներին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում, հիմա առաջադրվում է ՀՀ նախագահի պաշտոնին։
Սա, ինչպես ասում են՝ երազ է, ոչ թե իրականություն։ Նա անգամ իր ամենագունավոր երազում նման հաջողություն չէր կարող պատկերացնել։ Նախ, որովհետեւ ՔՊ թիմի անդամ չէ, գոնե Նիկոլի հետ ժամանակին չի «քայլել», եւ 18-ից հետո էլ նրա իշխանության մաս չի կազմել՝ անգամ պատերազմի բարդ շրջանում այս թիմի հետ չի եղել։ Ապա՝ որովհետեւ իր նախկին թիմը եւ իր առաջնորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տարանջատվել են Փաշինյանից, պահանջել նրա հրաժարականը եւ ՀՀ առաջին նախագահն ամենասպանիչ ձեւակերպումն է տվել Փաշինյանին՝ «ազգակործան պատուհաս»։ Ինքը, փաստորեն, համաձայնել է «ազգակործան պատուհասի» մոտ նախարար, հիմա նաեւ նախագահ աշխատել։ Չորրորդ, ինչպես ասում են, Բարձր տեխնոլոգիաների ոլորտը «դորդուբեշ» արեց, հիմա փորձելու է «պետության գլուխ» աշխատել եւ «Սահմանադրության երաշխավոր»։
Բայց դե եթե Անդրանիկ Քոչարյանը կարող է ԱԺ ամենակարեւոր հանձնաժողովի նախագահը լինել․ Վիգեն Խաչատրյանը՝ ԱԺ պատգամավոր, Կարեն Անդրեասյանը՝ արդարադատության նախարար, Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, Արգիշտի Քարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ պետ, Գագիկ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ նախագահ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, ինչո՞ւ Վահագն Խաչատրյանը չի կարող ՀՀ նախագահի պաշտոնին հավակնել։
Անի Առաքելյան
Hraparak.am