ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

-  Պարո՛ն նախագահ, ճիշտ է, փաստաթղթերն ի վերջո վերջնարդյունքն են, այսինքն՝ կողմերը երկար բանակցում են, որից հետո համաձայնում են կետ առ կետ շարադրել փոխզիջումային տարբերակը: Եվ այո, այդ առումով նախկինում բանակցված փաստաթղթերի ընթացքին դժվար է տիրապետել, բայց արդյունքն աչքի առջև է: Երբ Դուք ասում եք, որ փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային իրականությանը, Ձեզ շատ հանգիստ կարող են մեղադրել և մեղադրում են բանավոր պայմանավորվածությունների մեջ, և վարչապետն իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում ասում է, որ խոստումներ էիք տվել անձամբ Դուք, որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, որոնք արձանագրված չեն որևէ փաստաթղթում:

- Դավի՛թ, ես պետք է Ձեզ փորձեմ ուղղել և ասել, որ նա ուղղակի դրա մասին չի հայտարարել: Նա իր ոճին համապատասխան  այդպիսի ակնարկ է արել, որից ամեն վայրկյան կարող է հրաժարվել:

Ես կարող եմ ասել հետևյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել: Եվ դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել և այլն, և այլն` լինի դա էական, թե ոչ էական:

Բայց թույլ տվեք ես շարունակեմ առաջին հանգամանքի մասին խոսել և ասել, որ երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ուղղակի ապշահար էի եղել, որովհետև հնչում էին այսպես ասած «փաստարկներ», որոնք ես լսել եմ 2008 թվականին, 2009 թվականին, 2010 թվականին՝ Ադրբեջանի նախագահի կողմից, և ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ ցավ էի ապրում, որովհետև այլևս ինքը չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որ լավ հնարավորություն են տալիս մեզ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետև եթե վաղը ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը:

- Պարոն նախագահ, ես ենթադրում եմ, թե ինչ փաստարկների մասին եք Դուք խոսում. ես խմբավորել եմ և կխնդրեմ, որ հակիրճ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

- Խնդրում եմ թույլ տալ նաև երկրորդ հանգամանքի մասին խոսել: Երկրորդ հանգամանքն այն է, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում: Հուսախաբության մթնոլորտ կա: Եվ սրանց պնդումները, սրանց՝ ես նկատի ունեմ և՛ գործող իշխանություններին, և՛ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա: Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն