Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ երեկ, փետրվարի 1-ին, Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն՝ 5 տարի ժամկետով: Այս ՊՈԱԿ-ը հանրության մեջ հայտնի է դարձել կամ ընկալվում է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ», որի տնօրենի պաշտոնը երկար ժամանակ է՝ թափուր էր։ Գոռ Ծառուկյանը մոտ տասը ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, նրանից առաջ էլ Լիլի Մինասյանն էր ԺՊ-ի կարգավիճակով ղեկավարում ՊՈԱԿ-ը, իսկ 2018-ից հետո այս ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել «Ազատության» նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը, որն այժմ Հանրայինի տնօրենն է։ Այսօր վերջապես ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի՝ Գոռ Ծառուկյանը,  որին էլ մի քանի հարց ուղղեցինք այս թեմայով։

-Չնայած ձեզ դուր չի գալիս, որ այդպես են ասում, բայց ձեր ՊՈԱԿ-ի երկրորդ անունը «Ֆեյքերի ՊՈԱԿ» է, և դրանում նաեւ Ձեզանից առաջ եղած ղեկավարներն ունեն իրենց մեղքի բաժինը, որ այն այդպես է ընկալվում մարդկանց կողմից։ Դուք՝ որպես ՊՈԱԿ-ի նոր ղեկավար, ի՞նչ եք անելու, որ Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ը չընկալվի որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։

-Ամենաառաջինը՝ երևի մեր աշխատանքի թափանցիկությունը կլինի, մենք պատրաստվում ենք նաև մեր աշխատանքները ներկայացնող մի հոլովակ ներկայացնել հանրությանը․․․

-Որտեղ ցույց եք տալու, որ ֆեյքեր չունե՞ք։

-Այդ թեմային չենք էլ անդրադառնում, որովհետև տակը բովանդակություն չկա։ Այսինքն՝ չենք կարող հերքել մի բան, որը չկա։ Իմաստ չենք տեսնում։ Պետք է ներկայացնել այն, ինչ արվում է, որ մարդիկ տեսնեն ու հասկանան՝ ինչ գործով է զբաղվում մեր ՊՈԱԿ-ը, ամեն օր մարդիկ տեսնում ու առնչվում են այն աշխատանքի հետ, որը մենք ենք անում, բայց չգիտեն, որ դա մենք ենք անում։

-Ի՞նչ են տեսնում։ Դուք հիմա ինչքան էլ հերքեք, մարդիկ տեսնում-կարդում են այն ֆեյքերին կամ «ֆեյքին» բնորոշ ծառայություններ մատուցող իրական անձանց բանակը համացանցում, որոնք հարձակվում են տարբեր մարդկանց վրա և իշխանությանը պաշտպանում, քննադատողներին հայհոյում։ Մարդիկ մտածում են, որ դրանք ինչ-որ կենտրոնից ուղղորդվում են, օրինակ՝ ձեր կենտրոնից։ 

-Մենք որևէ համակարգում որևէ ֆեյք չունենք։ Այլ բան ես չեմ կարող ասել, թե մարդիկ ինչ են մտածում, ինչ չեն մտածում։ Մեր խնդիրն է` բարձրացնել մեր աշխատանքի թափանցիկությունն ու ցույց տալ, թե մենք ինչով ենք զբաղվում։ Այսինքն, եթե մարդն ամբողջ օրը զբաղված է աշխատանքով, և դա հանրայնացվում է, մարդիկ տեսնում են այդ աշխատանքը, ապա էլ ի՞նչ թաքնված ինչ-որ կուլիսային աշխատանքի մասին է խոսքը։

-Իսկ արտաքին տեղեկատվական ճակատում, օրինակ, ի՞նչ աշխատանք եք տանում, ասենք՝ հակահայկական պրոպագանդայի դեմ ինչպե՞ս եք հակազդում, կա՞ հստակ քաղաքականություն՝ հակաադրբեջանական և հակաթուրքական պրոպագանդա իրականացնելու։

-Միանշանակ․․․ Ես չէի ուզենա դրանց ասել՝ հակաթուրքական և հակաադրբեջանական, այլ կասեի՝ հակահայկական քարոզչության հակազդում, այսինքն՝ այն, ինչ մեր ազգային, պետական շահերին հակազդում է տեղեկատվական իմաստով, դրան հակազդման քայլեր միանշանակ ձեռնարկվում են, դրանց մասին, եթե հետաքրքիր է, կարող ենք առանձին կետ-կետ ներկայացնել, կամ կարող եմ Ձեզ հրավիրել մեզ մոտ և տեղում ներկայացնել, որովհետև այն բավականին լայն է՝ սկսած ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հայցերից, որտեղ մենք ևս ունենք որոշակի ներգրավվածություն՝ փաստական հիմքերի ուսումնասիրության մասով, վերջացրած ընթացիկ տեղեկատվական հակազդեցությամբ, որի մասին չէի ուզենա բարձրաձայնել զուտ այն իմաստով, որ ինքը հենց դրսում ադրբեջանցիների և մյուսների կողմից շահարկման առարկա չդառնա։

-ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հատկապես ո՞ր հայցերը նկատի ունեք, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի և ՀԺ-ի մասով Հայաստանի դեմ կայացրած որոշումները դրանց մեջ մտնո՞ւմ են։

-Չէ, խոսքը վերաբերում է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերին։

-Իսկ որ ասում եք՝ հակաադրբեջանական և հակաթուրքական չէ ձեր պրոպագանդան, դա կարո՞ղ ենք դիտարկել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տիրույթում, այսինքն՝  նաև տեղեկատվական պատերազմում եք փորձում բարեկամանալ նրանց հետ։

-Չէ, ուղղակի, որպես պետական կառույցի ներկայացուցիչ, ես չեմ կարող ասել, որ ինչ-որ պետությանը հակա գործունեություն ենք ծավալում, այլ մենք պաշտպանում ենք Հայաստանի շահերը։ 

-Իսկ քանի՞ աշխատող ունեք, որքա՞ն է ձեր ՊՈԱԿ-ի աշխատակազմը։ 

-Մենք ունենք 92 հաստիք։

-Կա՞ն արտահաստիքային աշխատողներ։

-Ոչ, բացարձակապես։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն