Նոր մանրամասներ՝ Արցախի պողոտայի բենզալցակայանում տեղի ունեցած հրդեհից
Փետրվարի 2-ին՝ ժամը 11:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։
Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ-ն (ծնված 1985թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
ArmDay.am