ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Կրեմլում սկսել են զգուշորեն խոսել ուկրաինական պատերազմի ավարտին մոտենալու մասին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ գործընթացը շարժվում է դեպի կարգավորում։ Նրա խոսքով՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Բարձր մակարդակի բանակցությունների համար քննարկվում են միանգամից երկու հնարավոր հարթակներ՝ Չինաստանը և ԱՄՆ-ը։ Սակայն եռակողմ հանդիպման ամսաթվերն ու հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանները դեռևս հայտնի չեն:

Նախագահ Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հենց դեկտեմբերին՝ ԱՄՆ Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այս նպատակին հասնելու համար Սպիտակ տունը պատրաստ է ուժեղացնել ճնշումը Կիևի նկատմամբ, այդ թվում՝ ձգտելով հասնել նաև տարածքային զիջումների։
Ընդ որում, ԱՄՆ նախագահի մտահղացմամբ՝ պատմական արարողությունը պետք է տեղի ունենա իրեն պատկանող Trump National Doral գոլֆի ակումբում, որտեղ նախատեսված է անցկացնել G20-ի գագաթնաժողովը։

Կիևում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց ուկրաինական ղեկավարության լիարժեք մասնակցության։ «Թվում է՝ այս ամենը տեղի է ունենում առանց մեզ», — The Atlantic պարբերականին ասել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

ԱՄՆ-ն արդեն նախագահ Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին, սակայն Ռուսաստանի նախագահը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։ Իսկ Զելենսկին, ընդհակառակը՝ հայտարարել է Պուտինի հետ Մայամիում կամ մեկ այլ հարթակում հանդիպելու պատրաստակամության մասին։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ խաղաղության համաձայնեցված որևէ համաձայնագիր դեռևս գոյություն չունի, իսկ դեկտեմբերը առայժմ դիտարկվում է որպես նախագահ Թրամփի համար ցանկալի ժամկետը, այլ ոչ թե Մոսկվայի ու Կիևի կողմից հաստատված ամսաթիվը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ