Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է.

«ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում) ուղղակիորեն քննարկվում է Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Ընդ որում, առաջարկվում է այդ ռեժիմը պահպանել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումը։

Ուշագրավ է իրավական հիմնավորումը։ Զեկույցում արձանագրվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը նման կասեցման մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի հղում է կատարվում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, որի շրջանակներում ԵԱՏՄ մյուս անդամները ՛՛իրավունք ունեն քննարկելու ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին համատեղ որոշման ընդունման հարցը՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացումը՛՛։

Ինչ վերաբերում է տնտեսական հաշվարկներին, ապա այստեղ բավական ծանր պատկեր է ներկայացվում։ Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։

Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում արտահանման՝ 65,8%-ով։ Առավել մեծ հարված կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։ Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը։

Առանձին ուշադրության է արժանի էներգետիկ բաղադրիչը։

Զեկույցում դիտարկվում է ռուսական գազի գնի բարձրացում ներկայիս 177,5-ից մինչև 300 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Գրեթե 69% աճ։ Բնականաբար, նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։

Սակայն կա էական հանգամանք, որը հաշվի չեն առել զեկույցի հեղինակները: Գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։ Հետևաբար ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում։ Ուստի, փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ:

Զգայուն է նաև աշխատանքային միգրացիայի խնդիրը։ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել գործող արտոնյալ ռեժիմից, բախվել աշխատանքի թույլտվությունների, սոցիալական ապահովության և հարկման նոր պայմանների։ Զեկույցում կանխատեսվում է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների կրճատում շուրջ 3,95-ից մինչև 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։

(Այստեղ, սակայն, բանկային փոխանցումների ընդհանուր ծավալը փաստացի կապվում է աշխատանքային միգրացիայի հետ, մինչդեռ փոխանցումների զգալի մասը կարող է ունենալ այլ տնտեսական ծագում։ Ուստի այս գնահատականը նույնպես լրացուցիչ հիմնավորման կարիք ունի):

Եվ, թերևս, փաստաթղթի ամենահետաքրքիր հատվածը վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամների հնարավոր կորուստներին։

Ըստ հաշվարկների՝ Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը։

Այսպիսով, զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը ԵԱՏՄ մյուս անդամների համար գրեթե անցավ կարող է լինել, մինչդեռ Հայաստանի համար՝ ծանր հարված»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ