Միլանում կյանքի բարձր արժեքի դեմ երիտասարդների բողոքի ցույցերը վերածվել են լայնածավալ անկարգությունների, խանութների ջարդերի և ոստիկանության հետ կատաղի բախումների։ Այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 19-ին բախումները նոր ուժով են բռնկվել։

Սև հագուստով և դիմակներով հարյուրավոր արմատական տրամադրված երիտասարդներ ջարդեր են իրականացրել քաղաքի կենտրոնական՝ Դուոմոյի հրապարակում (Piazza del Duomo) և հարակից թաղամասերում։ Ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, թալանել առևտրային կետերն ու խանութները, հրկիզել կայանված ավտոմեքենաներն ու աղբամանները։ Ոստիկանությունը ստիպված է եղել ամբոխը ցրելու համար կիրառել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան տեղի ունեցածն անվանել է վանդալիզմի դրսևորում՝ հայտարարելով, որ առևտրային կետերը թալանվել են, իսկ բնակիչները՝ ահաբեկվել։ Ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում անկարգությունների առնվազն 160 մասնակից է ձերբակալվել, որոնցից շուրջ 80 տոկոսը, ըստ հաղորդման, անչափահասներ են եղել։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ անկարգությունների մասնակիցներին անվանելով հանցագործներ, որոնք փողոցային ցույցերն օգտագործում են որպես ոստիկանության վրա հարձակվելու, քաոս տարածելու և ամբողջ քաղաքները պատանդ վերցնելու պատրվակ։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իտալիայի կառավարության ղեկավարը հոկտեմբերի 19-ին հրատապ խորհրդակցություն է նշանակել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ