Պետականակազմաքանդ կադրային քաղաքականություն
2018-ի գարնանը Հայաստանում ընթացող գործընթացներն ինչ-որ ժամանակ որպես հեղափոխություն էին ընկալվում։ Նույն թվականի ապրիլի 15-ից, երբ դեռ ժողովրդական ցասումը թափ չէր հավաքել, Նիկոլը բոլոր ընդդիմադիր՝ երբեմնի իր գործընկեր կուսակցություններին դիմեց, որ գան հրապարակ, մոռանան նախկին անհասկանալի պահերը եւ միանան շարժմանը, չնայած մեծ մասն արդեն հրապարակում էր։ Միաժամանակ նա, իրեն հատուկ մանիպուլյատիվ ձեւերով ու ստերով, համաժողովրդական շարժման նախաձեռնողներին դուրս մղելով, ուզուրպացրեց հրապարակը։
Տպավորություն էր ձեւավորվում, որ Նիկոլը գործիք էր, ու գործընթացների հեղինակները հաշվարկել էին բոլոր նրբությունները, որոնք հնարավոր չէր պատկերացնել՝ ինչ հանգրվանի կհասցնի, երեւի բացառություն էր Նիկոլ Փաշինյանը, որը, իմանալով երկիրը կազմաքանդման տանող ընթացքը, այդ թվում՝ կանխորոշված պատերազմի ելքով, ուներ բոլոր իրավիճակներից դուրս գալու ելքերը, այն է՝ հանրությանը ներկայացնել նախկինների վերադարձի վտանգը։
Ասվածը՝ որպես նախաբան։ Հիմնական ասելիքս Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանն է վերաբերում, որին առիթ եմ ունեցել անդրադառնալու բազմիցս։ Պետք է խոստովանեմ, որ 2018-ին, երբ Նիկոլն առաջին կադրային նշանակումներն էր անում՝ անփորձ երիտասարդներին, ես տեսակետ արտահայտեցի, որ ավելի լավ է անփորձ երիտասարդները, քան կոռումպացված փորձառու կադրերը։ Ցավոք, 4 տարի անց կարելի է արձանագրել, որ եթե կոռումպացված համակարգը դանդաղ երկրի հիմքերը կոռոզիայի էր ենթարկում ու քայքայում, ապա թավիշականները ոչ միայն անփորձ դուրս եկան, այլեւ՝ անհայրենիք, եւ նրանք պետականության հիմքերն արագացված ձեւով հասցրին կազմաքանդման։ Բայց ցավն այն է, որ այդքան աղետից հետո նրանք ոչ միայն մնում են իշխանության, այլեւ շարունակում են հոխորտալ ու մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդի որոշակի զանգվածի։
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպես բոլոր նեգատիվ եւ հոռի բարքերի դեմ էր ժամանակին հետեւողական պայքարում, նույն ձեւով՝ կադրային քաղաքականության մեջ քավոր-սանիկ, խնամի-բարեկամ, ինչպես նաեւ կադրային նշանակումներում առկա կոռուպցիոն սխեմաների դեմ։ Նա իր իշխանավարման ընթացքում ինչպես ուրացավ ու դավաճանեց իր բոլոր սկզբունքներին եւ երբեմնի գործընկերներին, այնպես էլ՝ կադրային հարցերում։
Վերջին նշանակումները ստիպեցին կրկին անդրադառնալ Նիկոլի կադրային քաղաքականության չափորոշիչներին ու բազային, որը 4 տարվա ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել եւ մնում է նույն շրջանակում՝ արհամարհելով հասարակական կարծիքը եւ դժգոհությունները։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության 1-ին հանրային հիասթափությունը եղավ, երբ նա նշանակեց Վալերի Օսիպյանին, Հունան Պողոսյանին եւ նմանատիպ հայտնի նախկին կադրերի, բայց Նիկոլը, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս հարցում եւս կարողացավ մանիպուլյատիվ ձեւերով ֆռռացնել եւ կառավարել իր համակիրներին։
Հիմա հիմնական հարցը՝ ի՞նչ սկզբունքներ ու չափանիշներ են դրված Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության հիմքում, պատասխանը հստակ է՝ այն, ինչի դեմ նա ընդդիմադիր եղած ժամանակ պայքարել է, մասնավորապես՝ ԽԾԲ-ի։
Այս մասին շատ է գրվել, դրա համար չեմ ծավալվում, միայն կներկայացնեմ նրա կադրային բազայի հիմնական կորիզը՝ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողական կազմը, որոնց մեծ մասին ժամանակին ճանաչել եմ, իսկ Հայկ Գեւորգյանի հանդեպ ունեմ մեծ հարգանք, որն իր տղաներով բազմաթիվ փորձությունների միջով է անցել՝ նախկին ռեժիմի դեմ պայքարում։ Հայկ Գեւորգյանը, չնայած իր հնարավորություններին եւ մարդկային որակներին, դուրս մղվեց իշխանական համակարգից, որովհետեւ չտեղավորվեց հոտային տարբերակով ենթարկվելու ու հաճոյանալու նիկոլիզմի դրվածքին։ Փաշինյանի կադրային բազան քյարամյանաբադասյանական տիպի ջահելներն են, որոնց ինչպես եւ որտեղից է պեղում՝ կդժվարանամ պատասխանել։ Մյուս կադրային սեգմենտը Միքայել Մինասյանի կադրերն են, մասնավորապես՝ վերջին նշանակումները՝ Կարեն Անդրեասյան՝ նախարար, եղբայրը՝ նախարարի տեղակալ։ Մեծ տեղ են գրավում նաեւ ՀԱԿ-ի կադրերը, չնայած առերեւույթ նրանց առճակատմանը։ Եվ վերջապես՝ Նիկոլի կադրային քաղաքականության մեջ ազդեցիկ ներդրում ունի КГБ (ԱԱԾ)-ն։
Փաշինյանի կադրային քաղաքականության գագաթնակետը «Հայկական ժամանակ» թերթի վարորդին նախարար նշանակելն էր, իսկ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենը, որը հրապարակում էր «Հայկական ժամանակ» թերթը եւ տարիներ շարունակ ապօրինաբար տնօրինել է այլոց շահաբաժինները, որպես փոխհատուցում՝ Փաշինյանի ընտանիքից պատգամավորական մանդատ եւ անձեռնմխելիության իմունիտետ ստացավ։
Կադրային նման քաղաքականությունը, մասնավորապես՝ պետական պատասխանատու պաշտոնների նշանակումը վերը թվարկված արժանիքներով, ինչպես նաեւ նախկին կոռուպցիոներների եւ նրանց սանձարձակ սերունդների գերակայությունը, էլ ավելի է խորացնում երկրում անարդարության զգացումը, արժեզրկում պետական ինստիտուտները։ Թշնամին մեր տուն է մտել, մասնավորապես՝ Արցախը բզկտված է «դաշնակիցների», թշնամիների կողմից, ու ազգովի շարունակում ենք հանդուրժել երիտհայերի տնավեր գործողությունները եւ գոյությունը։
Այսպիսի աղետներից ու մարդկային կորուստներից հետո վերջապես պետք է հասկանանք, որ այսօր մեզ իշխող երիտհայերը պետության եւ պետական համակարգի հետ որեւէ աղերս չունեն, օր առաջ պետք է ազատվել նրանցից։
ՀԳ․ Վերջերս Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական ինստիտուտներին եւ նրանց չկայացած լինելու պատճառներին։ Ասվածի մեջ գուցե կա որոշ ռացիոնալ հատիկ, բայց նա պետք է ընդունի, որ շատ ավելի մեծ բացասական դերակատարում է ունեցել անձամբ ինքը, իր բնութագրած՝ չկայացած պետական ինստիտուտները տանելով կազմաքանդման։ Բազմաթիվ հիմնավորումներից կներկայացնեմ երկու փաստ․
1. Իր կադրային քաղաքականությունն է, մասնավորապես՝ Արգիշտի Քյարամյան տեսակին Ազգային անվտանգության ծառայություն վստահելը կամ նույն տեսակի կադրերը կարուսելի նման ֆռռացնելը պատասխանատու պաշտոններում, առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, թե ինչու նշանակեց, ինչու ազատեց։
2. Պատերազմի ժամանակ շրջանցելով քիչ թե շատ կայացած համակարգերը, նեղ անձնական, ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, կոչով դիմեց գյուղապետերին եւ կուսակցության ղեկավարներին՝ ջոկատներ կազմելու, ինչը պետականության որեւէ չափորոշիչների մեջ չի տեղավորվում։ Հնարավոր է նաեւ պարտության պատճառներից մեկն էր։
Պետրոս Մակեյան
Hraparak.am