Իսկ դուք գիտեի՞ք, որ աշխատավարձերից փոխանցված սոցիալական վճարի սահմանված չափը գերազանցող գումարը քաղաքացին կարող է հետ ստանալ, իսկ ի՞նչ հարկային և պարտադիր վճարումներ են կատարվում ձեր աշխատավարձերից: Այս և այլ հարցերի պատասխաններն «Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի թողարկմանը տվել է ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:



Հայաստանում գործող օրենսդրությամբ աշխատավարձ տեսակի եկամտից նախատեսված են հարկեր և պարտադիր վճարումներ, որոնք 3-ն են: Առաջինը՝ եկամտային հարկն է, որն արդեն 2022-ի հունվարի 1-ից հաշվարկվում է 21 տոկոսով, այն հաշվարկվում է  գործատուների կողմից և վճարվում պետբյուջե: Աշխատավարձից կատարվում է նաև սոցիալական վճար, այլ կերպ ասած՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդին ուղղվող պարտադիր վճար: Սա վճարվում է այն քաղաքացիների աշխատավարձից, որոնք պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են, այսինքն, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Այն այս տարվանից վճարվում է արդեն 4.5 տոկոս դրույքաչափով: Հաջորդ վճարատեսակը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող վճարն է: Կախված աշխատավարձի չափից վճարի չափը տարբերվում է, սկսում է 1500 դրամից և կարող է հասնել մինչև 15 հազար դրամի:

Ինչ խնդիրներ, ռիսկեր կարող է ունենալ հետագայում քաղաքացին, որին չի գրանցել գործատուն.

«Չգրանցված աշխատելու արդյունքում հետագայում կենսաթոշակային տարիքի ժամանակ քաղաքացիները կարող են ունենալ խնդիրներ, որովհետև ստաժը մեր համակարգում հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ քաղաքացու անունից կա վճարված եկամտային հարկ: Աշխատանքային ստաժ է համարվում միայն այն ժամանակահատվածը, որի ընթացքում քաղաքացին վճարել է եկամտային հարկ: Պատկերացրեք իրավիճակ, երբ քաղաքացին ամբողջ կյանքում աշխատում է, բայց ոչ գրանցված և 63-64 տարեկանում գնում է իր վաստակած հանգստին, ու պարզվում է, որ չունի ստաժ: Չգրանցված աշխատողները բնականաբար նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերին հատկացումներ չեն անելու: Եվ հետագայում ինչ-որ պահի պարզվելու է, որ քաղաքացիների կուտակածն իրենց ցանկացածը չի լինելու, որ բավարարի իրենց երազած կենսաթոշակի կամ կենսամակարդակում ապրելու համար: Դա ամենամեծ ռիսկն է չգրանցված աշխատելու համար: Քաղաքացիները պետք է նախ գիտակցեն, հետո սրա հետ հաշվի նստեն, քանի որ հետագայում ժամանակը հետ տալ հնարավոր չի լինելու»,-ասում է Ալավերդյանը:

Նա քաղաքացիներին ևս մեկ անգամ խորհուրդ է տալիս մտածել չգրանցված պայմաններում աշխատելու մասին:

Եթե քաղաքացին աշխատում է օրինակ 2 կամ 3 գործատուի մոտ, յուրաքանչյուր տեղում աշխատավարձից առանձին-առանձին կատարվում են հարկային և այլ պարտադիր վճարումներ: Ամեն գործատու իր այդ նույն աշխատողին վճարում է աշխատավարձ, և այդ աշխատավարձերը դիտարկվում են առանձին եկամուտ: Քաղաքացին երեք աղբյուրներից էլ հարկ վճարում է:

Կուտակային վճարների, այսինքն` սոցիալական վճարների դեպքում կան սահմանված շեմեր: Եթե մի քանի գործատուներից ուղղված վճարները գերազանցում են այդ շեմը, ապա քաղաքացին իրավունք ունի հետ ստանալու գերազանցած կտորը: «Օրենքով սահմանված շեմ գոյություն ունի, որից հետո կուտակայինի վճար ուղղակի չի հաշվարկվում, խոսքն աշխատավարձի շեմի մասին է: Այս պահին 1 մլն 20 հազար է: Եթե քաղաքացին ունի տարբեր աղբյուրներից ստացվող ամսական եկամուտ, որը գերազանցում է 1 մլն 20 հազար դրամը, բայց, քանի որ ամեն աղբյուրում, ամեն գործատուի մոտ առանձին շեմը գերազանցած չէ, և ամեն գործատուն վճարել է, ամսվա ավարտից հետո քաղաքացին իրավունք ունի հետ ստանալու գերազանցող մասին բաժին ընկող կուտակային կենսաթոշակային վճարի չափը: Դա ՊԵԿ-ի միջոցով է հետ վերադարձվում: Անհրաժեշտ է ՊԵԿ-ին ուղղակի փոխանցել բանկային հաշիվ»,-ասում է Ալավերդյանը:

Հայաստանում ներկայում մտածում են նաև քաղաքացիների կողմից կատարված սոցիալական ուղղվածության որոշակի ծախսերը իրենց եկամտից նվազեցնելու և հետևաբար նաև հարկը նվազեցնելու հնարավորություն նախատեսելու մասին: Նախատեսվում է ներդնել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ: Իսկ, թե դա կոնկրետ ինչ է նախատեսում, կարող եք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն