Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ ութ հայ գերիների վերադարձն ապահովելու գործում ներդրած ջանքերի համար։

Վարչապետն ասել է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռավար հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ճակատագրերին։

«Ադրբեջանն անընդհատ ասում է, որ առաջին պատերազմից հետո մոտ 4000 անհետ կորած ունի»,-ասել է նա՝ հավելելով, որ պաշտոնական տվյալներով հայկական կողմից անհետ կորած է համարվում 777 մարդ։

Նա տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել առաջին պատերազմից հետո անհետ կորած համարվող 108 մարդու դի։ Եվս երկու դի կվերադարձվի առաջիկա օրերին։

«Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներն սկսել է 2020 թվականի սկզբից, երբ մենք քննարկել ենք այդ հարցը Անվտանգության խորհրդի նիստում, և ես հանձնարարել եմ լուծել այդ հումանիտար խնդիրները»,- ասել է վարչապետը։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք համագործակցություն հաստատել անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ թե՛ Ղարաբաղյան առաջին, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ 2020 թվականի պատերազմից հետո անհետ կորած է 217 հայ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն