Տուն չգնալ, մինչեւ Փաշինյանին տուն չուղարկեն՝ օրերը տաքանալուն են սպասում
«2021 թվականի հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ այս իշխանությունները թշնամու հետ նոր գործարքի մեջ են մտնում՝ կոնկրետ սահմանագծման եւ սահմանազատման հետ կապված, մենք երկու հիմնական նպատակ մեր առջեւ դրեցինք։ Նպատակ համար 1՝ այդ պահին հասնել նրան, որ թույլ չտալ, որպեսզի նոյեմբերի 26-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում, չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրի։ Այդ պահին, այդ ժամանակ էլ հենց ձեւավորեցինք «Ազատագրական շարժումը»»,- մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ Նաիրի Հոխիկյանը։
Հիշեցնենք, որ շարժման առաջնորդները չորսն են՝ Նաիրի Հոխիկյան, Վազգեն Պետրոսյան, Արա Զոհրաբյան, Սեւակ Հակոբյան։ Սեւակ Հակոբյանը սփյուռքի ներկայացուցիչն է, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Նաիրի Հոխիկյանը նշեց, որ «Ազատագրական շարժումը», ճիշտ է, քաղաքական շարժում է, բայց կուսակցական չէ։ Շարժման հիմքում անհատներ են, որոնք նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են։ Մեր այն հարցին, թե ինքը՝ Նաիրի Հոխիկյանը, կուսակցակա՞ն է, թե ոչ, նա պատասխանեց, որ որեւէ կուսակցության անդամ չէ եւ չի էլ պատրաստվում լինել։
«Այսօր շատ է իշխանությունների կողմից քարոզվում այն գաղափարը, որ եթե մենք սահմանագծման, սահմանազատման փաստաթուղթ ստորագրենք, ապա սահմանային բախումներ չեն լինի, սակայն իրականում դա այդպես չէ, որովհետեւ Ադրբեջանի նույնիսկ ամենահասարակ հայտարարություններում մենք տեսնում ենք, որ այդ երկրի համար թիվ 1 նպատակն ամբողջ Հայաստանին մաս-մաս տիրանալն է։ Կարող է սահմանագծման, սահմանազատման փաստաթուղթ ստորագրվի, բայց որոշ ժամանակ հետո Ադրբեջանը նոր հակամարտություն կսկսի եւ նոր պահանջներ կդնի։ Եվ այստեղ Հայաստանի Հանրապետության սահմանագծումով ճանաչված տարածքի վրա հարձակում կլինի։ Իսկ եթե մենք ստորագրենք այդ փաստաթուղթը, մենք ինքներս մեզ թակարդն ենք գցելու, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ երբեւէ որեւէ պատմության շրջանում չի եղել սահմանների փոխադարձ ճանաչում։ Օրինակ՝ Քարվաճառն ու Քաշաթաղը երբեւէ միջազգային իրավական որեւէ նորմով ընդգրկված չեն եղել Ադրբեջանի կազմում, այդ թվում՝ Խորհրդային Միության տարիներին, որովհետեւ մենք լավ գիտենք, որ ԽՍՀՄ-ում ներքին վարչական սահմաններ էին, իսկ ԽՍՀՄ-ի միայն արտաքին սահմաններն են, որ ճանաչվել են միջազգային հանրության կողմից։ Ներքին սահմանները որեւէ միջազգային իրավարար նորմով ճանաչված չեն եղել։ Հետեւաբար, Քարվաճառն ու Քաշաթաղը չեն եղել մինչ այսօր անկախ Ադրբեջանի կազմում, ինչպեսեւ՝ ամբողջ Արցախը։ Հիմա, եթե մենք Ադրբեջանի հետ ստորագրում ենք սահմանագծման, սահմանազատման պայմանագիր, ճանաչում ենք իր սահմաններն այնպես, ինչպես այսօր կա, այսինքն՝ Քարվաճառն ու Քաշաթաղը՝ Ադրբեջանի կազմում։ Նշանակում է, մենք՝ ինքներս, մեր գլխին քար ենք գցում եւ Ադրբեջանին ենք կամովին հանձնում մեր պատմական տարածքներն ու ոչ միայն պատմական՝ միջազգայնորեն մեզ պատկանող տարածքները։ Մեր շարժման կարճաժամկետ թիրախը սա էր, եւ որոշակիորեն հասանք այդ նպատակին, որովհետեւ տեսանք, որ Փաշինյանն այդ օրերին Մոսկվայում ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, բացի ինչ-որ հայտարարությունից։ Մեր շարժման հաջորդ գլխավոր նպատակն է՝ հասնել վարչապետի հրաժարականին։ Կարեւոր չէ՝ ինչ հանգամանքներից ելնելով հրաժարական տվեց երկրի նախագահը, այնուամենայնիվ, մենք պահանջում էինք նաեւ նրա հրաժարականը։ Որոշ ժամանակով պասիվացրինք փողոցային պայքարը, որի պատճառը զուտ եղանակն էր, որովհետեւ մեր հայրենակիցներն առանձնապես շատ չեն սիրում փողոց դուրս գալ, պայքարել, սպասում են, տեսնեն, թե ուրիշը մի բան անի՝ իրենք կեսից միանան։ Այս ամենը հաշվի առնելով, մենք թողեցինք, որ մի փոքր եղանակները տաքանան։ Առաջիկայում՝ շատ մոտ շաբաթների ընթացքում, վերսկսելու ենք պայքարը հետեւյալ ճանապարհներով՝ նախեւառաջ կլինի փողոցային պայքար՝ միտինգներ, հանրահավաքներ, ընդհուպ մինչեւ փողոցներ փակել, գերատեսչություններ մտնել։ Մարդիկ պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ պայքարելու մինչեւ վերջ։ Տուն չգնալ, մինչեւ Փաշինյանին տուն չուղարկեն։ Որովհետեւ այլընտրանք չունենք։ Նա կոնկրետ մեր ժողովրդի համար դահիճ է դարձել՝ իր ավազակախմբով հանդերձ։ Կա՛մ մենք պիտի ազատվենք նրանից, կա՛մ էլ ինքը՝ ժողովրդից։ Մենք հիմա այս փուլում հանդիպում ենք տարբեր քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, անհատ հեղինակավոր գործիչների հետ, որպեսզի կարողանանք մեր առջեւ դրված մեծ պայքարը համահայկական շարժում դարձնենք, ամբողջ ազգը ոտքի կանգնեցնենք։ Մենք պետք է ազգովի տապալենք այս ապազգային իշխանություններին։
Ի վերջո, մենք լավ գիտենք, թե դիվանագետները դրսում ինչքան են ստորացվում, նվաստանում այլ երկրների ներկայացուցիչների մոտ, երբ որ չեն կարողանում իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը ծավալել, այլ անում են այն, ինչ Երեւանից իրենց տգետ ղեկավարներն են հրահանգում։ Այդ է պատճառը նաեւ, որ դիվանագիտական ներկայացուցչություններից շատերն ուղղակիորեն կանգնած են մեր կողքին եւ սպասում են, թե երբ է ժողովուրդը՝ Երեւանից սկսած, ոտքի կանգնելու, տապալելու այս իշխանություններին, որպեսզի իրենք եւս իրենց հերթին իրենց անհնազանդությունը հայտնեն։ Անհնազանդության ակցիաներ կլինեն նաեւ սփյուռքում, ընդհուպ մինչեւ ճնշում դեսպանատների վրա։ Այն, որ այս ռեժիմը, այս ավազակախումբը պիտի հեռանա, դա կասկածից վեր է, այլ տարբերակ չկա։ Սպասել, որ պիտի այս մարդկանց հետ ինչ-որ բարեկիրթ ձեւով նստենք խոսենք, դա անհույս է»,- զրույցն ավարտեց Նաիրի Հոխիկյանը։
Նարինե Ղուկասյան
Hraparak.am