Տեղեկությունը, որ Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին, հայտնի է դարձել ադրբեջանական աղբյուրներից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դեռևս դիրքորոշում չունեն, որ նրանք հանցագործներ են, այսինքն՝ իրավական գործընթացներում ավելի զգուշավոր են գործում, բայց քաղաքական հարթակներում քարոզի նպատակներով նրանց ներկայացնում են որպես հանցագործներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ–ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական աղբյուրներում տարածված այն տեղեկությանը, որ  գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին դատում են՝ ներկայացնելով որպես հանցագործներ։

«Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են զինված խմբեր ստեղծելու, Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու, ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են նաև հետախուզական բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Ըստ նրանց՝ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է հենց հետախուզական բնույթի գործողություններ կատարելիս»։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հավանական է՝ խոշտանգումների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզել նրանցից, ինչը նշանակում է, որ այդ ապացույցներն օրինական լինել  չեն կարող և չեն բացահայտում ճշմարտությունը։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություններ, որոնք միջազգային հանրության իմացության տիրույթում են, փորձ է անում շինծու գործերի միջոցով ստանալ հայելային պատկեր։ Այդ նպատակով միջազգային հանրությանը մոլորեցնելու համար իրավական ռեսուրս են գործադրում, որպեսզի իրենց պաշտոնական թեզերը հիմնավորեն շինծու գործերի շրջանակներում»,– բացատրեց նա։


Հարցին՝ նշված անձանց մասով բանակցությունները ստեղծված իրավիճակում ինչ ընթացք են ստանում, Սահակյանը նշեց, որ բանակցությունները իրենց մասով չեն ընդհատվում, հատկապես, որ եռակողմ համաձայնագրի մաս են կազմել նաև այլ կարգավիճակով անազատության մեջ գտնվող անձիք, որոնց անվան տակ հասկանում ենք ցանկացած հիմքով որևէ պետությունում անազատության մեջ գտնվող անձանց։

Փաստաբանն ընդգծում է, որ Ալյոշա Խոսրովյանին և Լյուդվիգ Մկրտչյանին իբրև հանցագործներ դատելու գործընթացը բացառապես քարոզչական բնույթ է ունի։

«Կարծում ենք, որ այս գործընթացն առնչվելու է նաև այլ անձանց։ Իրենց պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանում պահվողները հանցագործներ են, և աստիճանաբար բոլորին փորձելու են վերագրել հանցագործություններ։ Այս ապացույցները վերանայվելու են Եվրոպական դատարանում, վերջինս պահանջելու է քրեական գործին առնչվող նյութեր և այս առումով վստահ ենք, որ միջազգային դատական գործընթացներում հաստատելու ենք այս քրեական գործերի շինծու բնույթը։ Դատարանը հանագամանալից քննելու է, թե ինչ կարգավիճակ ունեն նշված անձինք և վստահ եմ, որ ապացուցվելու է, որ նրանք բացառապես հայրենիքի հանդեպ պարտականությունները կատարած անձինք են։ Վստահ եմ, որ իրավական մեխանիզմներով հաստատելու ենք ճշմարտությունը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Լյուդվիգ Մկրտչյանի (ծնվ. 1969թ.) և Ալյոշա Խոսրովյանի (ծնվ. 1967թ.) մեղսագրվում են հանցագործություններ։ Աղբյուրը նշում է, որ քրեական գործի քննությունն ավարտված է և ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Որպես գործով տուժած ներգրավված է 12 ադրբեջանցի։ Քրեական գործը հանձնվել է դատավոր Էլբեյ Ալահվերդիևին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն