Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց… Ռաֆայել Քոթանջյան
ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Ռաֆայել Քոթանջյանը կյանքի ռիթմից չի հեռացել։ 79-ամյա դերասանը, չնայած իր պատկառելի տարիքին, այսօր էլ շարունակում է դերեր կերտել, ապրել եռուն ստեղծագործական կյանքով եւ համալրել իր ֆիլմադարանի անվերջանալի շարքը։ Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է կինոյում կերտած իր նոր դերի մասին, մատնանշել թատերական կյանքի այսօրվա մարտահրավերները եւ կիսվել թիկունքում թողած տարիների, փորձի մասին:
-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ինչպե՞ս եք արվեստագետի ձեր մտքերն իրացնում:
-Մի ֆիլմի մեջ եմ նկարվել, Գոռ Վարդանյանի հեղինակած ֆիլմն է, որն, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի: Այս ֆիլմում կերտել եմ հոր կերպար, որը կորցրել է իր թոռանն ու որդուն: Ֆիլմը էկրան կբարձրանա մոտավորապես երկու-երեք ամսից: Աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Ամբողջապես պատրաստ լինելուց հետո կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ հանրությունը հաճույք կստանա այդ ֆիլմը տեսնելով: Բավականին հետաքրքիր արվեստագետներ կան այնտեղ՝ յուրովի մտահաղացումներով եւ կատարումներով։ Ֆիլմի անունը դեռեւս չի որոշվել:
-Դուք արվեստի այն կոլորիտային գործիչներից եք, ով միաժամանակ տիրապետում է եւ՛ դերասանական, եւ՛ ռեժիսորական հմտություններին։ Ասացե՛ք խնդրեմ՝ ի՞նչն է պակասում այսօր մեր մշակույթին, կինոարվեստին:
-Դժվար շրջան ենք ապրում: Արվեստի հետ կապված դժվարանում եմ հիմա խոսել: Երբ անելիքը շատ է լինում, ես գիտեմ՝ ինչ եմ ասում եւ ինչպես եմ ասում: Հիմա քչացել է այդ ամենը: Ձեր հարցերն ինձ համար հաճելի են, նշանակում է՝ սպասում կա: Կենցաղը շատ մեծ նշանակություն ունի: Տեսնելով իմ շրջապատի առօրյան, կյանքը՝ ինձ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ այսօր արվեստը մի երկու-երեք քայլ հետ է գնացել: Այն սպասումները, որ բոլորս ունեինք, դեռ սպասման մեջ է, եւ այդպես էլ կմնա սպասման մեջ: Ես հիմա կուզեի այնպիսի իրավիճակ լինի, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն լինեն, մարդիկ գան թատրոն մեծ մասշտաբի գործեր տեսնելու: Ահա այն ամենը, ինչին մենք հիմա կարոտ ենք եւ սպասում ենք:
-Հարցազրույցների ժամանակ ասել եք, թե պիտի ճարտարապետ դառնայիք։ Ճարտարապետից դերասան մեկ քայլ չէ, ինչպե՞ս տեղի ունեցավ այս որոշումը, ո՞վ էր Ձեր մուսան։
-Բանն այն է, որ իմ հայրը, որը բավականին մտածող, խելոք մարդ էր, երազում էր, որ ճարտարապետ դառնամ: Մեր տանը ճարտարապետության մասին շատ մեծ գրականություն կար, ես դրանով էի զբաղվում: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ հերթական անգամ տեղափոխվեցինք։ Եկանք Երեւան։ Ընդունվեցի Մայակովսկու դպրոց։ Ինձ դասավանդող ռուսերենի ուսուցչուհին ժամանակին երազել էր դերասանուհի դառնալ: Եվ, քանի որ նա դրանով էր տարված, դրանով էր ապրում, իր սաների մեջ սերմացրեց թատերական արվեստն այն աստիճան, որ ես ընտրեցի հենց այդ արվեստը: Սկսեցի խաղալ դերեր, որոնք նույնիսկ մեծ հասակում դերասանները դժվարանում են խաղալ: Այսպես, կամանց-կամաց որոշվեց, որ ես պիտի դառնամ ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան եւ այդպես էլ գնաց: Իմ կյանքը կողմնորոշվեց այնպես, որ ես ընտրեցի այն, ինչը ես սիրում եմ, զբաղվեցի դրանով այնպես, ինչպես ես սիրում եմ: Անմնացորդ նվիրվեցի իմ գործին, արդյունքում տեսնում եք այն, ինչ տեսնում եք:
-Եթե կյանքի անիվը հետ պտտեիք, ի՞նչ կփոխեիք:
– Բացարձակ ոչ մի բան: Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց, արել եմ այն, ինչին ես կոչված եմ:
-Կյանքի կարեւորագույն խորհուրդը, որ տալիս եք Ձեր շրջապատին եւ ինքներդ Ձեզ:
-Եղիր այն ինչ-որ կաս, եւ արա այն ինչին կոչված ես:
-Ձեզ տագնապող, անհանգստացնող երեւույթներ կա՞ն:
-Չէ, բացարձակ:
-Ի՞նչը կփոխեիք աշխարհում:
-Օ, աշխարհն այնքան բաներ ունի փոփոխելու: Ես գտնում եմ, որ աշխարհը առանց այն էլ ինքն իրեն փոխվում է: Այն, ինչը մի տասը տարի առաջ մարդկանց կհետաքրքրեր, հիմա դառնում է ծիծաղելի եւ անհետաքրքիր: Իմ թոռնիկները այնքան հետաքրքիր են կարողանում այսօրվա բոլոր ժամանակակից սարքերից օգտվել: Ես հասկանում եմ, որ իրենց դարն է, եւ իրենք այս դարի մեջ շատ ճիշտ կողմնորոշվել են: Աստված տա, որ կարողանան տնօրինել իրենց ժամանակն ու կյանքը այնպես, ինչպես ուզում են:
-Ինչի՞ց եք երջանկանում:
-Տեսնելով թոռնիկներիս:
-Օրվա ֆիլմը, ի՞նչ նայել այսօր։
-Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը:
-Օրվա գիրքը, Ձեր կյանքի գիրքը:
-Շատ գրքեր կան, որ ես չեմ պատկերացնում, որ դրանք կարդացած չլինեի: Դրանք շատ են, բայց առանձնացնում եմ Աստվածաշունչը: Մոտենալ գրքին որպես ինֆորմացիայի աղբյուր, անիմաստ է: Գիրքը պետք է ընկալել իբրեւ կյանք: Կարդացե՛ք Աստվածաշունչը:
-Ձեզ հաճախ ենք տեսնում փողոցում հանդարտ քայլելիս, ոչ մի տեղ չշտապելիս, լուռ, մտազբաղ։ Ու՞ր եք գնում Երեւանում, մայրաքաղաքի Ձեր ամենասիրելի վայրը ո՞րն է։
-Յուրաքանչյուր տեղ Երեւանում ինձ համար սիրելի է: Ես 5-10 րոպեով նստոտում եմ ցանկացած տեղ՝ նստարան լինի, աթոռ լինի, կապ չունի: Երեւանը շատ եմ սիրում, եւ պատճառներից մեկը այն է, որ ուրիշ ձեւ չեմ պատկերացնում իմ կյանքը, ամեն ինչ այնպես է գնում, ինչպես պիտի ընթանար՝ իմ զգացողությամբ եւ սպասումով:
Լիանա Սարգսյան
1in.am