Աշխատանքից հեռացրել են ու մոռացել տեղը մարդ նշանակել
Ռուսաստանի երկրորդ քաղաքը համարվող Սանկտ Պետերբուրգում Հայաստանը մշտապես ունեցել իր հյուպատոսը: Միշտ ծանրակշիռ անձինք են նշանակվել` երբեմն ՀՅԴ քվոտայով եւ բավականին լայնածավալ աշխատանք են իրականացրել, քանի որ ՌԴ երկրորդ քաղաքում մեծ հայկական համայնք կա` հարուստ եւ հայրենիքի հետ սերտ կապերը պահպանող: Վերջին հյուպատոսը Հրայր Կարապետյանն էր, ում մոտ 3 տարի առաջ հետ կանչեցին Սանկտ Պետերբուրգից եւ այլեւ որեւէ մեկին չնշանակեցին: Մենք զրուցել ենք Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հետ։
«Ինձ համար էլ է զարմանալի, որ արդեն 3-րդ տարին է լրանում, բայց գլխավոր հյուպատոս Հայաստանը չունի Սանկտ Պետերբուրգում։ Ունենալով մեծ հայկական համայնք՝ պատմականորեն դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից, ունենալով հայկական եկեղեցիներ, չունենք հյուպատոս։ 2019 թվականի սկզբին՝ իմ պաշտոնավարման վերջին տարում, Պետերբուրգի կենտրոնում Հայաստանին տրամադրվեց հին շենք՝ 50 տարվա տեւողությամբ՝ անհատույց։ Մենք համայնքի միջոցներով, բարերարների աջակցությամբ շենքն ամբողջովին վերակառուցեցինք՝ առանց բյուջեից միջոցներ ծախսելու։ Հրաշալի պայմաններ ստեղծեցինք հյուպատոսական աշխատանքները հանգիստ եւ բարձրակարգ պայմաններում ապահովելու համար»,- ասաց Հրայր Կարապետյանը։
Կարապետյանը վստահ է, որ գլխավոր հյուպատոսի բացակայությունը շատ է ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, որովհետեւ, բացի դիվանագիտական կապերից, նաեւ հորիզոնական կապերի խնդիր կա։ Ասում է, որ Հայաստանի մարզերը Սանկտ Պետերբուրգում հյուպատոսարանի աշխատանքի շնորհիվ կապված էին Ռուսաստանի տարբեր նահանգների հետ։ Ունեին պայմանագրեր՝ զբոսաշրջության, առեւտրական-տնտեսական հարաբերությունների հետ կապված, եւ այդ պայմանագրերն աշխատում էին։ Կարապետյանը նշեց, որ հյուպատոսարանը կառուցելուց ընդամենը մեկ-երկու ամիս հետո՝ 2019 թվականի հունիսին, հետ է կանչվել Հայաստան։ Նրա խոսքով, Պետերբուրգում էլ են զարմացած, թե ինչու Հայաստանն այս կարեւորագույն վայրում, որը Մոսկվայի դեսպանությունից հետո ամենամեծ դիվանագիտական ծառայությունն է Ռուսաստանում, չունի գլխավոր հյուպատոս։
«Սանկտ Պետերբուրգում սովորում են հայ սպաներ, կուրսանտներ, որոնց թիվն անցնում է 200-ը։ Ռուսաստանի ռազմական հաստատություններում նաեւ գլխավոր հյուպատոսի խնդիրն է՝ նրանց օգնել, կազմակերպել նրանց հետ կապված շատ ու շատ հարցեր։ Հայաստանը քաղաքական-դիվանագիտական աշխատանք պիտի տանի, շատ ու շատ գործառույթներ ունի այնտեղ կատարելու»,- կարծում է Հրայր Կարապետյանը։ Նրա խոսքով, հյուպատոսի պաշտոնում կատարած իր աշխատանքը բավականին բարձր է գնահատվել, ստացել է տարբեր պատվոգրեր, ուստի իր համար անհասկանալի են եղել իրեն Պետերբուրգից հետ կանչելն ու հետո ԱԳՆ համակարգից ազատելը։
«Երեւի թե պաշտոնանկմանս հետ կապված՝ մեծ դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ պատերազմից հետո ես միացա մի շարք դիվանագետների, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Կարապետյանը։ Հայաստանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երեք գլխավոր հյուպատոս․ 2000-2008 թթ.՝ Ռուբիկ Հակոբյանը, 2008-2013թթ.՝ Վարդան Հակոբյանը, 2013-2019 թթ.՝ Հրայր Կարապետյանը։
Նարինե Ղուկասյան
Hraparak.am