ՀՀ իշխանությունները սփյուռքի առաջարկները չեն ընդունում․ հարց եմ տալիս՝ ի՞նչ է տալու հայ-թուրքական հաշտեցումը Հայաստանին
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։
-Պարոն Քոչարյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-թուրքական բանակցությունների մասին։ Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե այս պրոցեսում կարևոր է հայկական սփյուռքի, մասնավորապես ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հայության դիրքորոշումը, որոնք, նրա խոսքով, մեծամասամբ չեն աջակցում այս գործընթացին: Ձեր կարծիքով՝ սփյուռքի դերակատարությունն այս հարցում ինչպիսի՞ն կլինի։
–Ես կարող եմ կիսվել իմ դիտարկումներով՝ նկատի ունենալով այն, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում։ Այստեղ կան մոտ 4 միլիոն Թուրքիայից եկածներ, որոնց մեջ կան նաև հույներ, հայեր, ասորիներ։ Ես չեմ տեսնում այն պրոցեսը, թե թուրքերը ցանկանում են հայերի հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Մենք շատ լավ գիտենք, որ ամենալավ պարագայում Հայաստանը հայտնվելու է մի կետում, որտեղ որ այսօր Վրաստանն է՝ ամեն ինչ թուրքերի ձեռքում, սկսած հյուրանոցներից, բջջային ընկերություններից, վաճառատները։ Այսօր Բաթումը շատ ավելի թուրքական քաղաք է, քան վրացական կամ աջարական; Ես այս ամենին կասկածանքով եմ նայում՝ քանի որ առաջարկը գալիս է Թուրքիայից։
Թուրքիան մեզնից պահանջելու է ավելին, իսկ մենք միջոցներ չունենք, որ Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնենք։ Ամենալավ օրինակը Ադրբեջանի հետ ձեռք բերված նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունն է, երբ մենք տեսնում ենք, որ հակառակորդը չի հարգում իր իսկ ստորագրած պայմանագիրը։
Ես նշեցի, որ այստեղ նվազագույնը 4 միլիոն թուրք է ապրում։ Երբ Ցեղասպանությունը պետք Բունդեսթագի կողմից ճանաչվեր, Գերմանիայում ապրող մեկ միլիոն յոթ հարյուր հազարի չափով թուրքեր, որոնք դեռ պահել էին իրենց Թուրքիայի քաղաքացիությունը, ընտրությունների ժամանակ Էրդողանին ընտրեցին։ Այսինքն՝ թուրքերը, որոնք ավելի ժողովրդավար երկրում են ապրում, ընտրում են մի դիկտատորի։ Ուրեմն Ցեղասպանության ճանաչման ընթացքում Գերմանիայում առկա 1500 թուրքական կազմակերպությունները անխտիր բոլոր դեմ էին։ Եթե Գերմանիայում ապրող երկրորդ երրորդ սերնդի թուրքերը այդպիսի մտածելակերպ ունեն ու պաշտպանում են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, կարող եք ենթադրել, թե ինչ վիճակ է Թուրքիայում։ Ես միանում եմ իմ սփյուռքահայ մյուս բարեկամներին ու նշում, որ դեմ եմ այս գործընթացին։ Թուրքերը փակել են սահմանը, թող իրենք էլ բացեն։
Կա մեկ այլ հարց ևս։ Ի՞նչ է շահելու Հայաստանը։ Ասում են, որ Հայաստանը այդ տարածքից կօգտվի ու իր ապրանքները կվաճառի Եվրոպայում։ Մենք ի՞նչ ունենք Եվրոպայում ծախելու։ Թուրքական ապրանքը ողողի Հայաստանը ու առկա փոքրիկ տնտեսությունն էլ ձախողի՞։ Էժան բանջարեղենը պատճառ դառնա, որ մենք այդ քայլին գնա՞նք, մեր գյուղացիներն էլ տուժե՞ն։
-Ամեն դեպքում պրոցեսն արդեն մեկնարկել է, գուցե սփյու՞ռքն էլ ներգրավվի ու իր դիրքորոշումը հայտնի, մասնակցություն ունենա։
-Ես միշտ ասել եմ՝ պետք չէ, որ սփյուռքը ՀՀ իշխանության մեջ դերակատարում ունենա։Սփյուռքահայերի ու հայաստանահայերի մեջ սովորությունների ու մտածելակերպի մեծ տարբերություն կա։ Բայց սփյուռքը կարող է խորհրդատու լինել, օգնել, նոր ուղիներ ցույց տալ, բայց այդ առաջարկները դժբախտաբար չեն ընդունվում։ <<Կալիֆորնիա կյուրիեր>> թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն առաջարկել էր Վաշինգտոնում ՀՀ դեսպանին չփոխել, քանի որ նա շատ լավ դիվանագետ էր, տիրապետում առկա քաղաքական մթնոլորտին։Բայց ինչպես գիտեք՝ փոփոխություն եղավ։Իմ ծանոթենրից մեկը, որն ակադեմիայում է աշխատում հարցրեցի նրան՝ արդյոք ձեր աշխատանքները արժևորվում են, գալիս իշխանությունները խորհրդակցու՞մ են ձեզ հետ։ Այսինքն՝ պետությունն այդքան ծախս է անում ակադեմիա պահում, բայց երբեք այդ խորհուրդներից չի օգտվում։
1in.am