Սպասողական վիճակում է
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում դուրս մնաց թե՛ ՔՊ-ի նախընտրական ցուցակից, թե՛ քաղաքական պրոցեսներից։ Խորհրդարան անցնելուց հետո իշխանությունները պատգամավոր չդարձած իրենց թիմակիցներից շատերին տեղավորեցին տարբեր պաշտոնների, բայց Իգիթյանի մասով ոչինչ չձեռնարկեցին։ Տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան պատրաստվում են դեսպան նշանակել որեւէ եվրոպական երկրում, սակայն մինչ օրս այս հարցն առկախված է։
Երեկ մենք կապ հաստատեցինք Հովհաննես Իգիթյանի հետ, ով նախ ասաց, թե Երեւանից դուրս է` ճանապարհին է, հետը մարդիկ կան, չի կարող խոսել։ Ընդամենը մեկ հարց ունեինք` ինչո՞վ եք զբաղվում այժմ, Իգիթյանը կցկտուր ակնարկեց, որ շուտով նորություն կլինի․ «Իմ աշխատանքի հետ կապված՝ շուտով, ինչպես ասում են, հետեւեք մամուլին»։ Գործադիր իշխանությո՞ւն եք գնալու, թե՞ դիվանագիտական աշխատանքի եք անցնելու։ «Հիմա չեմ կարող որեւէ բան ասել, մի քիչ ժամանակ անցնի, կխոսենք»,- ասաց նա։
ՀԳ Հովհաննես Իգիթյանի հետ մենք երեկ էինք զրուցել, իսկ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իր տեղեկություններով՝ «Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին»։
Hraparak.am