Հայաստանի իշխանությունները տորպեդահարում են ընդդիմության ցանկացած նախաձեռնություն. Տեսանյութ
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները տորպեդահարում են ԱԺ ընդդիմության ցանկացած նախաձեռնություն։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով իշխող մեծամասնության արձագանքը «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ ընդդիմության հայտարարության նախագծին։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաեւ օրենքի նախագծերին, այս կամ այն հայտարարության տեքստերին, քննարկման առաջարկներին եւ այլն։ «Նրանք տորպեդահարում են ցանկացած հարց, որը ներկայացնում է ներկայիս օրակարգը։ Սրանք, որպես կանոն, հրատապ խնդիրներ են երկրի համար, սակայն իշխող մեծամասնության ներկայացուցիչները միշտ արդարացումներ են գտնում»,- դժգոհեց Վարդանյանը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, ընդդիմությունը շարունակելու է պայքարը՝ չնայած բոլոր խոչընդոտներին։ «Մենք չենք պատրաստվում լռել, հատկապես՝ Շուշիի հռչակագրի հարցում։ Հասարակությունը պետք է իմանա, պետք է տեսնի, որ այսօրվա իշխանությունը աչք է փակում այս հռչակագրի վրա, որը լուրջ սպառնալիք է մեզ համար»,- պարզաբանեց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ այս պայմաններում իշխանությունները, ըստ էության, ավելի լավ բան չէին կարող մտածել, քան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ բանագնաց նշանակելը։
News.am