Մեզ համար որևէ լավ բանի չի հանգեցնի. Քոչարյանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանական բախման մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեսնում է ռազմական բախման ռիսկ, որը Հայաստանի համար որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Քոչարյանն այս մասին ասաց իր ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ռուս-ուկրաինական ռազմական բախման ռիսկ, և դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:
«Այո, ռիսկ տեսնում եմ: Եթե երկու կողմից 100-150 հազար զորք է կուտակվում, միշտ կա բախումների ռիսկ: Միշտ կա ռիսկ, որ նույնիսկ լոկալ ընդհարումը կարող է բերել ավելի մեծ կոնֆլիկտի: Չեմ էլ ուզում ընդհանրապես խոսել, թե այդ բախումների հետևանքներով ինչ կարող է լինել: Համենայնդեպս, մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել: Եվ կարծում եմ՝ այն ակտիվությունը, որ հատկապես վերջին 1 շաբաթվա ընթացքում դրսևորվում է և Ռուսաստանում, և եվրոպական երկրներում, և ԱՄՆ-ի կողմից, այն փորձերն են, որոնցով ուզում են ինչ-որ տեղ կանխել նման զարգացումները»,-ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ որևէ կողմ՝ ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ը ֆունդամենտալ հարցերում զիջումների չեն ուզում գնալ: «Նույնիսկ, եթե սահմանի վրա որոշակի դեէսկալացիա տեղի ունենա, ապա լարվածությունն, այնուամենայնիվ, մնալու է և դա իր դրսևորումներն է ստանալու այլ ուղղություններով, չի կարող դա չունենալ: Մեզ համար խնդիրը հետևյալի մեջ է՝ մեր կոմպլեմենտարության հնարավորությունն, ըստ էության, զրոյացվում է, շատ է նեղանում»,-ասաց նա:
Քոչարյանի կարծիքով՝ իր նախագահության ժամանակ այդպիսի խնդիր չի եղել, բավականին լայն միջանցք է եղել այդ կոմպլեմենտարության համար: Ըստ նրա՝ այն ժամանակ մի շարք երկրների, եվրոպական երկրների ղեկավարների հետ ՌԴ-ի հարաբերություններն իսկապես բավականին լավ էին, զարգացած էին: Հիմա այս ամենը փոխվել է: «Եվ մենք կանգնած ենք նոր իրականության առջև: Եվ այս իրականությունը մեզ պարտադրում է կողմնորոշվել մի շարք հարցերի վերաբերյալ: Մեջտեղում մնալը բավականին պրոբլեմային է լինելու: Սա շատ ավելի մեծ դիվանագիտական վարպետություն է պահանջում Հայաստանի դիվանագիտական կորպուսից»,-ասաց նա՝ քննադատելով Հայաստանի ներկայիս դիվանագիտական կորպուսին:
Քոչարյանը չի տեսնում, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկվում, որոնք կչեզոքացնեն այն ռիսկերը, որոնք այսօր ակնհայտ ձևավորվել են:
Armenpress.am