Ռոբերտ Քոչարյանը փողոցային պայքարի համար իրավիճակը դեռ հասունացած չի համարում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ իշխանության նկատմամբ վատ վերաբերմունք ունեցողների թիվն աճել է, սակայն դեռ չի հասունացել այն վիճակը, որով ընդդիմությունը կկարողանա մարդկանց մեծ զանգված փողոց հանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ անդրադառնալով փողոցային պայքարի վերաբերյալ հարցին:
Ըստ Քոչարյանի՝ հասարակության ակտիվ զանգվածը ցանկանում է, որ ինչ-որ բան փոխվի երկրում: «Վատ է, որ սպասում են, որ միայն ընդդիմությունը դա պետք է անի՝ առանց իրենց մասնակցության, առանց ժողովրդի ակտիվ և զանգվածային ներգրավվածության»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց. «Բայց մենք պետք է նաև իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է այդ վիճակը հասունացած: Այո, մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է այդ ուղղությամբ»:
Ըստ նրա՝ իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է: Իսկ, թե ինչ գործընթաց է ընթանում Հայաստանում՝ Քոչարյանն ասաց. «Ասում են, որ ընդդիմության վարկանիշն ընկնում է. այո, ընկնում է: Բայց մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու: Մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ավելի ռադիկալ քայլեր»:
Ըստ Քոչարյանի՝ ընդդիմադիր զանգվածն աճում է: «Իմ գնահատականով դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել: Իսկապես պետք է մեծ զանգված, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, որովհետև հետո մեզ են մեղադրելու, թե ինչու ճիշտ հաշվարկ չենք արել»,-ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանությունը հեռանալու է միայն փողոցային պայքարի արդյունքում, սակայն դրա համար բավարար զանգվածի կարիք է տեսնում:
Armenpress.am