Խնդիրը 34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողի մեջ է. «Ժառանգություն»
«Ժառանգություն».
Համազգային շարժման 34-րդ տարեդարձի առթիվ
Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:
Խոնարհվում ենք մեր ազգային զարթոնքը կերտողների եւ նահատակների լույս հիշատակի առջեւ եւ ասում` ինքներս մեզ ու աշխարհին` Հայոց հարցը լուծված չէ:
Հանրաքվեով հաստատված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բացարձակ են եւ անսակարկելի:
Հանրաքվեներով հաստատված Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը նույնպես բացարձակ են եւ ամբողջովին իրավական:
Առանց Հայաստանի եւ Արցախի պետական տարածքների ապաբռնազավթման եւ վերջինիս կարգավիճակի միջազգային ճանաչման, ինչպես նաեւ դեպի Նախիջեւան, Գարդմանք եւ հայրենի այլ օջախներ հայության վերադարձի երաշխավորված իրավունքի, չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան հաշտության որեւէ հարատեւ պայմանագիր:
Իսկ քանի որ Թուրքիայի ժամանակակից իշխանություններն ըստ երեւույթին շարունակում են կիրառել պետական նշանակության իրենց «նախապայմանային» քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում` այս փուլում հղում անելով հայ-ադրբեջանական հաշտության, ակնբախ է, որ «առանց նախապայմանների» ոչ մի արդյունք չի կայանալու արեւմտյան ճակատում:
Խնդիրն, ուրեմն, մերօրյա 34 տարվա սրբազան պայքարի ներքին ուրացողի մեջ է. նրա, ով հազարավոր հերոսացած նվիրյալների արյան պատեհությունն է պաշտում, Հայրենիքի կորստից է օգտվում, որպեսզի երկարացնի, թեկուզ մի քիչ, իր նիստն ու աթոռը:
Համազգային շարժման հիմնական ուղերձի հանգույն՝ միացում է պետք, համախմբում:
Ոչ թե միապետի հավերժացման, կամ սովետի վերադարձի, կամ էլ՝ կուսակցապետության վերականգնման դեմ: Այլ հանուն:
Հանուն Հայրենիքի եւ նրա հավերժության: Հանուն մեր վերականգնման, մեր վերադարձի, մեր արժանապատվության:
«Ժառանգություն» կուսակցություն
Hraparak.am