Հայ-թուրքական փաստաթուղթ է քննարկվում
«Քաղաքական մեծամասնությունը, առանց լուրջ փաստարկի, բոյկոտեց այս նախագիծը։ Սրանով հստակ արձանագրել է պետք, որ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթն ու սպասարկում թուրք-ադբեջանական շահեր»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ՝ հավելելով, որ «Շուշիի հռչակագիրն» ամբողջությամբ ուղղված է Հայաստանի դեմ։ Նշենք, որ ՔՊ-ականները չներկայացան իշխանության հրավիրած արտահերթ նիստին, որի օրակարգում Շուշիի հռչակագրի դատապարտումն էր։
Սաղաթելյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն այսուհետ եթե ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայման չկա, երեսպաշտություն և ժողովրդին ձեռ առնելու փորձ կլինի։
ԱԺ փոխնախագահը նաև համոզմունք հայտնեց, որ իշխող քաղաքական ուժը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող փաստաթուղթ է քննարկում․
«Եթե խոսքը Հայաստանի և Թուքրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին լինի միայն, երկար բանակցելու բան չէր լինի։ Եթե այդպես է, թող հայտարարեն, որ երկու երկրների միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակվում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը։ Իսկ եթե շարունակում են բանակցությունները, նշանակում է՝ քննարկվում է փաստաթուղթ»։
Ուստի, ըստ Սաղաթելյանի՝ այս իշխանություններին օր առաջ պետք է հեռացնել, ուրիշ տարբերակ չկա։
Եթե սպասեն՝ հաջորդ ընտրությունների ժամանակ հեռացնելուն, Իշխան Սաղաթելյանի կարծիքով, արդեն Հայաստան չի լինի։
«Շատ ենք խոսել այդ մասին․ մենք պետք է վիժեցնենք և ձախողենք այս պարտվողական օրակարգը՝ Հայաստանը նոր պատերազմի և նոր կորուստների տանելու իրենց քաղաքականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սա անելու համար, նրա համոզմամբ, պետք է կազմակերպել հասարակությանը և ձևավորել համազգային շարժում։
Hraparak.am